կարևոր
733 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 15:24

Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ

Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել մեկնաբանություններով և կրկին խոսել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի և այդ հարցում Ադրբեջանին Թուրքիայի աջակցության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Կասպից ծովով բեռնափոխադրումները մեծ նշանակություն ունեն։ Մենք պատրաստ ենք շարունակել քայլեր ձեռնարկել այս միջանցքի նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ներդրումների աճը կբարելավի ողջ տարածաշրջանի բարեկեցության մակարդակը»,- ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով, այս հարցում Անկարայի կոնկրետ նախաձեռնությունները ներկայացվել են Բաքվում եռակողմ հանդիպման մասնակիցների ուշադրությանը։

Թուրք նախարարի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացների ֆոնին առանձնահատուկ նշանակություն ունի Բաքվի, Անկարայի և Նուր-Սուլթանի համագործակցությունը։

«Ճգնաժամերն ու մարտահրավերները, իհարկե, կապված են նաև հնարավորությունների հետ, որոնք մեր երկրները կարող են և պետք է օգտագործեն»,- նշել է նա։

Որպես օրինակ՝ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել սեւծովյան տարածաշրջանում հացահատիկի ճգնաժամի վրա։ «Անկարան սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- հայտարարել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նշել է, որ ճգնաժամը (Ուկրաինայի շուրջ) ցույց տվեց անվտանգ և կայուն տրանսպորտային միջանցքների կարևորությունը և շեշտել, որ  շատ կարևոր է ներդրումներ կատարել ինչպես ներքին ենթակառուցվածքներում, այնպես էլ տարածաշրջանում հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։

Նրա խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծերը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Անդրանատոլիական գազատարի (TANAP) էներգետիկ նախագծերը տրանսպորտի և էներգետիկայի բնագավառում հաջողված տարածաշրջանային համագործակցության վառ վկայություններ են։

Թուրք նախարարը խոսել է հենց Թուրքիայում մեգանախագծերի մասին։

Նրա խոսքով, Անկարան նաև պաշտպանում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի մնացած տարածքների հետ կապող Զանգեզուրի միջանցքի բացման գաղափարը։