27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Վլադիմիր Ժիրինովսկու հիմնած Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՌԼԴԿ) նոր առաջնորդ ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական աղբյուրներում հրապարակված տեղեկությունները, ՌԼԴԿ-ի համագումարը կուսակցության նախագահի պաշտոնում ընտրել է Լեոնիդ Սլուցկիին: Տեղեկությունը փոխանցել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԼԴԿ բարձրագույն խորհրդի ղեկավար Յարոսլավ Նիլովին:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր համագումարի անհրաժեշտությունը առաջացել էր կուսակցության հիմնադիր և անփոփոխ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան պատճառով, որը ղեկավարում էր ՌԼԴԿ-ն շուրջ 32 տարի: Այդ նպատակով մայիսի 27-ին Մոսկվայում գումարվել է ՌԼԴԿ արտահերթ համագումար, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ կուսակցության նոր նախագահ է ընտրվել Լեոնիդ Սլուցկին: Նա այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր:
Կուսակցության ղեկը ստանձնելուց հետո Սլուցկին հայտարարել է, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կմնա ընդդիմադիր դաշտում, բայց կառուցողական դիրք կզբաղեցնի: Նոր ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ ՌԼԴԿ-ն արժանի արդյունք ցույց կտա սեպտեմբերին կայանալիք ընտրություններում:
Լեոնիդ Սլուցկին ՌԴ Պետական դումայում ՌԼԴԿ-ի խմբակցության ղեկավարն է, ինչպես նաև՝ Պետդումայի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը: