կարևոր
1204 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-14 16:40

Իշխանությանը հեռացնելուց հետո բանակցելու ենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, բայց մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան

Իշխանությանը հեռացնելուց հետո բանակցելու ենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, բայց մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան

Հայաստանում փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը իշխանության հասնելու դեպքում պատրաստ է բանակցել և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ, սակայն այդ բանակցություններին գնալու է իր օրակարգով:  Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում իր ասուլիսում:

Սաղաթելյանը նախ ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք փողոցային պայքարի այս 14 օրերին արձանագրել է «Դիմադրության» շարժումը: Ըստ նրա՝ օրինակ, շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցնելու գործընթացը, շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ:

«Շարժումը վերջին 30 տարվա Հայաստանի անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, իր չափերով, ժողովրդականությամբ: Այն, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժումն է»,-ասաց Սաղաթելյանը՝ կարծիքով հայտնելով, թե այն իր բնույթով և ծավալով նոր համաժողովրդական շարժում է, որը լինելու է անկասելի:

Անդրադառնալով հարցին, թե իրենք իշխանության գալու դեպքում ի՞նչ են բերելու՝ Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք իշխանությանը հեռացնելու դեպքում կյանքի են կոչելու անգամ այն խոստումները, որոնք գործող իշխանությունը տվել է 2018-ին:

«Առաջին խնդիրը, որ մենք պետք է լուծենք, պետք է  վերջ դնենք այս ատելության, պառակտվածության, թշնամանքի մթնոլորտին: Պետք է համախմբենք ամբողջ հայ ժողովրդի ներուժը: Լուծումները հեշտ չեն լինելու, իրականում մեր երկիրը կանգնած է բարդ և ծանր մարտահրավերների առջև: Մենք որևէ մեկին «կախարդական փայտիկ» չենք խոստանում, ինչպես իրենք էին խոստանում»,-ասաց նա:

Սաղաթելյանի կարծիքով՝ գործող իշխանության կողմից այն պայմանավորվածությունը, որ փորձ է արվում ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ։ Սաղաթելյանը նշեց՝ իրենք չեն ասում, թե իշխանությանը հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ են հայտարարելու կամ չեն բանակցելու:

«Բանակցելու ենք և Ադրբեջանի հետ, և Թուրքիայի հետ: Բայց այդ բանակցություններին մենք գնալու ենք մեր օրակարգով: Մենք գնալու ենք մեր ժողովրդի և պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գնալու ենք գլուխներս կախ տեսնենք, թե ինչ են ասում իրենք»,-ասաց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, թե պառակտում կա ընդդիմադիր շարժման միջև՝ նա ասաց, որ շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա:

«Շարժումը քաղաքական, բայց վերկուսակցական շարժում է: Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, քանի որ կուսակցություններն ունեն կազմակերպված ռեսուրս: Բայց պառակտում չկա, ընդհակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկ կուսակցության, մեկ անհատի շուրջ, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»,-ասաց Սաղաթելյանը:

Նա զուգահեռներ անցկացրեց 88-ի շարժման հետ: «Շարժումը շատ նման է 88 թվականի Ղարաբաղյան շարժման՝  և ձևաչափի, և գաղափարախոսության և բնույթի հետ»,-ասաց Սաղաթելյանը՝ վստահություն հայտնելով, որ հաջողությունը մոտ է: