Միջանցք Հայաստանի տարածքով, ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է բավարարել թշնամու հենց այս պահանջները. հանրությանը տեղեկացնում է փաստացի Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ օրաթերթը: 5-րդ կետ էլ կա՝ Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը): Նաեւ անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Ադրբեջանի կողմից նոր սադրանքները բացառված չեն, ասում է Արթուր Խաչատրյանը, Փաշինյանը դրանց համար հիմքեր է ստեղծել իր վերջին հարցազրույցում, երբ ասում է, որ խաղաղության պայմանագրում Արցախի հարցը կարող է եւ չլինել:
Խաչատրյանն ընդգծում է՝ Փաշինյանի այս հայտարարությունները կբերեն նրան, որ Ադրբեջանը կսաստկացնի թշնամական գործողություններն Արցախի դեմ, դա կարող է լինել այսօր, 3 տարի հետո, երբ, հնարավոր է, ռուսները դուրս գան Արցախից, կամ պարզ կլանման ճանապարհով:
Փաշինյանը թելում է Ալիեւի թելը, երբ ասում է, որ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Հայաստանը ներգրավվել է Արցախյան հակամարտություն որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավոր, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է եւ հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ չի լուծվել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը:
Փաշինյանը ստում է, երբ նույն հարցազրույցում ասում է, որ Ղարաբաղյան խնդրով զբաղվող միջնորդ երկրները սեփական պատկերացումներն ունեն խնդրի կարգավորման վերաբերյալ, բայց նրանցից որեւէ մեկը պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը, կամ՝ միացումը Հայաստանին:
Եթե Հայաստանը հրաժարվի Արցախը ներառել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, հրաժարվի Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու իր հանձնառությունից, Արցախը կկորցնենք, հետո նաեւ Հայաստանը՝ ասում է Արթուր Խաչատրյանը: Ադրբեջանը միայն Արցախով չի բավարարվի, դա այժմ հասկանում են անգամ՝ «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք» ասողները:
Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում