կարևոր
39304 դիտում, 11 ամիս առաջ - 2022-10-03 20:06

Միրզոյան-Բայրամով հանդիպումից՝ տարբերվող հաղորդագրություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաշինգտոնյան հանդիպումից ընդամենը 2 շաբաթ անց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները նորից բանակցային սեղանի շուրջ են` արդեն Ժնեւում եւ առանց միջնորդի: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պաշտոնապես սկսել են, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Սրա շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսի 31-ին Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ: Հայկական կողմի հաղորդագրությունում՝ «խաղաղության պայմանագիր կոչվածի մասին» պարբերությունում, նշված է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման հարցը: 
Հատկանշական է, որ «Արցախի ժողովուրդ» ձեւակերպման փոխարեն պաշտոնական Երեւանը նորից կիրառում է «Լեռնային Ղարաբաղի հայություն» արտահայտությունը: Ադրբեջանական կողմի հաղորդագրությունում Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մասին ոչ մի բառ չկա, հաղորդվում է միայն, թե խաղաղության պայմանագրի հիմք են լինելու Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները, որոնք ենթադրում են վերջնական հրաժարում Արցախից: Չեն հիշատակվում նաեւ այդ կետերին Երեւանի լրացումները, որոնք վերաբերում են Արցախի կարգավիճակին եւ Արցախի հայերի իրավունքներին ու անվտանգությանը: Միրզոյանը Բայրամովին ասել է նաեւ, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից պետք է դուրս բերվեն՝ կարեւորելով սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը: Բաքվից էլ հայտարարում են, թե Բայրամովն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը ավելի շուտ անցկացնել` նոյեմբերի փոխարեն հոկտեմբերին: Բայց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը ավելի ուշ պնդել է, որ առաջարկը հայկական կողմինն էր: Իսկ Միրզոյանը բարձրացրել է նաեւ հայ բոլոր ռազմագերիների ազատ արձակման եւ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների հարցը: Հատկանշական է, որ Միրզոյան-Բայրամով հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ էին սոցիալական ցանցերում մեծ տարածում գտել հայ գերիների գնդակահարման կադրերը: 
Հայաստանի արտգործնախարարությունը նշում է նաեւ, թե դրական է գնահատվել կողմերի ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում, ամեն դեպքում, այս մասին կրկին ոչ մի խոսք: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը