կարևոր
18571 դիտում, 2 ամիս առաջ - 2022-10-03 18:32

Իրանի թշնամիները փորձում են կազմաքանդել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանում բողոքի ցույցերը չեն դադարում: Առավոտից ուսանողները դասադուլ են հայտարարել: Իսկ երեկոյան ոստիկանությունը շրջապատել է Թեհրանի Շարիֆ եւ Սպահանի համալսարանները: Ժամերի ընթացքում մարդկանց մեծ հոսք է սկսվել դեպի համալսարաններ՝ աջակցելու համար ուսանողներին: Տասնյակ ուսանողներ ձերբակալվել են: Երկրի ներսում տեղի ունեցող ցույցերին զուգահեռ իրանցիները բողոքի ակցիաներ են կազմակերպել աշխարհի 150-ից ավելի քաղաքներում՝ աջակցություն հայտնելով Իրանում բողոքի դուրս եկած ժողովրդին: 
Հասարակությունը որոշակի բարեփոխումների պահանջ ունի՝ ասում է Արամ Շահնազարյանը: Նաեւ սա է ակցիաների առիթ դառնում, որոնք ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: Ուրբաթօրյա նամազից հետո Սիստան եւ Բալուչիստան նահանգի Զահեդան քաղաքում զինված անձինք հարձակվել են 3 ոստիկանական բաժանմունքների վրա եւ կրակել այդ բաժանմունքների ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով 19 անձ է զոհվել: Տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել տասնյակ քաղաքացիական անձինք: նահատակվել է նահանգում պահակազորի անվտանգության հարցերով հրամանատարի տեղակալ Սեյեդ Համիդ Ռեզա Մուսավին: Արամ Շահնազարյանը նկատում է, որ հասարակական դժգոհության ու բողոքի ալիքը օրերի ընթացքում վերածվել է գործիքի, որի միջոցով Իրանի թշնամիները փորձում են կազմաքանդել երկիրը:  
Սաուդյան Արաբիայի հեռուստաալիքներից մեկում հանդես եկող հանրահայտ փորձագետը հստակ նշում է. «Մեր նպատակն Իրանի մասնատումն ու կազմաքանդումն է»: 
Բողոքի այս ալիքը բարձրացավ Իրանի Քյուրդիստանից Թեհրան եկած Մահսա Ամինիի մահից հետո: Նա բերման էր ենթարկվել բարոյականության ոստիկանության կողմից եւ բացատրական զրույցի համար ուղարկվել ռազմական հետախուզությանը պատկանող Ֆարաջի կենտրոններից մեկը: Կենտրոնում աղջիկը սրտի կաթված էր ստացել, որից հետո նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց: Երեք օր անց՝ սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր: Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին ուրբաթ, սեպտեմբերի 31-ին անդրադառնալով Չիլիի եւ Իսպանիայի առաջարկային հայտարարությանը նշել է, որ 54 երկիր պահանջում են Իրանից դադարեցնել խաղաղ ցուցարարների դեմ բռնությունն ու ուժի կիրառումը: Իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Միշել Թեյլորը թվիթթերյան գրառմամբ հորդորել է միջազգային հանրությանը չանտեսել ցուցարարների դեմ բռնությունների տեսարանները: Նա իր գրառմանը կից հրատարակել է Իրանի ցույցերի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունը եւ գրել. «Ամերիկան կանգնած է Իրանի ժողովրդի կողքին»: Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետի ներկայացուցիչ հոջաթոլեսլամ Ալի Աքբարին վերահաստատելով նախագահ Ռաիսիի խոսքերը նշել է, որ ապագայում ավելի մեծ պատրաստակամությամբ են լսելու ընդդիմադիր, բողոքող ու քննադատող ձայներին: Շեշտել է, որ նահատակների արյան գնով ձեռք բերված անվտանգությունը, հատուկ միավոր է համարվում Իրանի համար: Իսկ թշնամին նման խաղերով, նորագույն տեխնոլոգիաներով ու խռովություններ ստեղծելով փորձում է այնպես անել, որպեսզի Իրանի Իսլամական հանրապետությունը թերագնահատի իր ունեցած առավելություններից մեկը՝ կանանց ինքնության ու արժանապատվության պահպանման գործում: 

Մանրամասները ներկայացնում է Մեղրի Ղուկասյանը