կարևոր
19447 դիտում, 2 ամիս առաջ - 2022-10-01 18:11

Բաբաջանյանը նորից զրպարտո՞ւմ է Դաշնակցությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունից: Նախկին պատգամավորը 2019-ի դեկտեմբերի 6-ին էր խորհրդարանում Դաշնակցության հասցեին վիրավորական եւ կեղծ հայտարարություններ հնչեցրել՝ կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»: Անցյալ տարի դատարանը որոշեց, որ Բաբաջանյանը ներողություն խնդրի Դաշնակցությունից այս խոսքերի համար: Բաբաջանյանը ներողություն չխնդրեց եւ հիմա դատարանի որոշումը պետք է հարկադրաբար կատարվի: Բաբաջանյանը, սակայն, հակադրվում է անգամ ԴԱՀԿ-ին: 
Բաբաջանյանն ասում է՝ փաստաբանները նախկինում լավ չեն պատրաստվել, մտադիր է նոր հիմնավորումներով նորից դատարան մտնել: Շանս չունի՝ վստահեցնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը. ԴԱՀԿ-ի պահանջը կամովին չկատարելու դեպքում օրենքը կկիրառվի ողջ ուժով: 
Ավելին, Արման Բաբաջանյանի նոր պիտակավորումը՝ դատարանին Դաշնակցության կամակատար անվանելը, նույնպես պատասխանատվություն կարող է առաջացնել: Զրպարտության համար ներողություն չխնդրելու՝ Բաբաջանյանի վճռականությունը փաստաբանը դիտարկում է մի քանի ասպեկտով՝ իրավական, բարոյական եւ քաղաքական: Բարոյական տեսանկյունից, նրա համոզմամբ, Բաբաջանյանը հավաքական կերպար է՝ անձ, ով խոսում է ժողովրդավարական արժեքներից, բայց հենց հարցը իրեն է վերաբերում՝ խախտում է նույն այդ արժեքները: 
Դատարանի որոշմամաբ՝ Բաբաջանյանը պարտավոր է իր ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, արտաբերել ներողության հետեւյալ տեքստը. «Հարգելի հետեւորդներ, 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում, նաեւ կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»: Ներողության տեսանյութը պետք է պահպանվի ֆեյսբուքյան էջում:

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը