կարևոր
19381 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-30 20:03

Պուտինը հայտարարեց Ռուսաստանի ընդլայնումը՝ 4 նոր շրջան ունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրեմլի Գեորգիեւյան դահլիճում Վլադիմիր Պուտինը հանդիսավոր հայտարարեց Ռուսաստանի ընդլայնման մասին՝ 4 նոր շրջան ունեն: Դոնեցկն ու Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն այսուհետ Ռուսաստանի մաս են: Պուտինը պնդեց, թե սա այդ շրջաններում բնակվող միլիոնավոր մարդկանց կամքն է, որոշումն էլ հիմնավորեց ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքով: 
Բազմիցս հնչած մեղադրանքներին ի պատասխան՝ Պուտինը պնդեց, թե Խորհրդային Միությունը վերականգնելու նպատակներ չունի, դա արդեն անցյալ է, պարզապես, ըստ Դաշնության նախագահի, ուկրաինական այդ 4 շրջաններում բնակվող մարդիկ մշակույթով ու լեզվով իրենց Ռուսաստանի մասն են համարում: Պուտինը Կիեւին հորդորեց դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցային սեղան: Ելույթի մեծ մասն էլ նվիրեց Արեւմուտքին մեղադրելուն՝ պնդելով, թե չգիտես ինչու՝ Արեւմուտքն է որոշում՝ ով է արժանի իրացնելու ինքնորոշման իրավուքը, ով՝ ոչ: Պուտինի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները փորձում է թուլացնել Ռուսաստանին, զսպել Չինաստանին ու Իրանին. հերթում այլ պետություններ են, այդ թվում՝ Վաշինգտոնի դաշնակիցները: 
Ելույթից հետո Դոնեցկի ու Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի ղեկավարները Պուտինի հետ ստորագրեցին Ռուսաստանին միանալու պայմանագրերը, հոտնկայս լսեցին Ռուսաստանի օրհներգը, ու ավարտեցին արարողությունը Ռուսաստան վանկարկումով: 
Պատերազմի ընթացքում Ռուսաստանի հսկողության տակ անցած Ուկրաինայի այդ 4 շրջաններում օրերս կայացած հանրաքվեների արդյունքները Կիեւում եւ Արեւմուտքում շինծու եւ անօրինական են համարում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինի ելույթից հետո հայտարարել է, որ դիմում է ՆԱՏՕ-ին՝ արագացված կարգով դաշինքի անդամ դառնալու խնդրանքով: Զելենսկին ասել է նաեւ, որ պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, բայց եթե այդ երկրի նախագահը Պուտինը չլինի: Պատերազմի մեկնարկից ի վեր ռուսերեն ելույթներից զերծ մնացող Զելենսկին հենց ռուսերենով նաեւ դիմել է Կովկասի, Սիբիրի եւ Ռուսաստանում ապրող այլ ժողովուրդների՝ չգնալ կռվի, պայքարել Պուտինի դեմ: Զելենսկին պնդել է, որ պատերազմում Ռուսաստանն արդեն ունի ավելի քան 58 հազար զոհ, բայց Մոսկվան թիվը չի հրապարակում: 
Միացյալ Նահանգների նախագահը Դոնեցկում եւ Լուգանսկում, Խեսրսոնում եւ Զապորոժիեում հանրաքվեները կեղծիք է որակել՝ պնդելով, որ դրանց արդյունքները հորինվել են Մոսկվայում: 
Եվրամիությունը նույնպես հայտարարել է՝ ապօրինի բռնակցումը չեն ճանաչելու: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ կարծում է, որ Մոսկվայի գործողությունները վտանգում են տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: Իսկ Ռուսաստանում օրը կավարտվի Մոսկվայի Կարմիր հրապարակում տոնական համերգով: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում