«Հայելային հետքաշում» հասկացությունը ինձ համար ընկալելի չէ՝ ասում է զինված ուժերի ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը: Այսպես արձագանքում է երկրի իշխանությունների՝ դարձյալ ակտիվացրած հռետորաբանությանը, իբրեւ թե Հայաստանի ու Ադրբեջանի զինծառայողների՝ հավասարապես հետ քաշվելը կարող է լուծում լինել Հայաստանի տարածքից թշնամու դուրսբերման համար: Այն պարագայում, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 100 քառ կմ-ը անցել է թշնամու վերահսկողության տակ, երկրի անվտանգության պատասխանատուները դարձյալ խոսում են «հայելային հետքաշման» մասին:
Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը թեզը կրկին առաջ է քաշում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ դիրքային կորուստների մասին հարցին ի պատասխան: «Մենք եւս սատարում ենք այդ առաջարկը»,- արձագանքում է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը: Դիրքային վերադասավորումների տրամաբանությանը ծանոթ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը առաջարկը չհիմնավորված է համարում:
«Հայելային հետքաշում» թեզն առաջին անգամ շրջանառվեց 2021-ի մայիսի 27-ին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին մեր երկիր: Այդ ժամանակ գործադիրի նիստում Փաշինյանն առաջարկեց հետ քաշվել Սոթք-Խոզնավար հատվածի շփման գծի ամբողջ երկայնքով: Մեկ տարի անց՝ 2022-ի մարտի 24-ին որոշեց զորքի հետքաշման տարբերակն առաջարկել նաեւ Երասխի հատվածում: 2022 թվականի հունիսի 6-ին Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց՝ հայելային հետքաշման հարցը օրակարգում է ու քննարկման փուլում: Իշխող թիմից հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տրամադրել: ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ուղիղ տեքստով ասաց՝ իրեն հարց ուղղել չենք կարող:
Թշնամին մեր երկրում է, որոշ հատվածներում անմիջականորեն մոտ բնակավայրերին. սա չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը: Այս պարագայում զորքը հետ քաշելը կնշանակի գյուղերն ու խաղաղ բնակիչներին թողնել անպաշտպան՝ ռիսկեր են տեսնում տեղի բնակիչներն ու ռազմական գործի մասնագետները: Տարածքային կառավարման նախարարը զինծառայողների հետքաշման առաջարկը հիմնավորում է՝ երբ հակամարտող կողմերի զորքերը իրար այդքան մոտ են, լրացուցիչ բախումներ կարող են առաջանալ, սա է պատճառը, որ Հայաստանի կառավարությունը պարբերաբար հանդես է գալիս հայելային հետքաշման առաջարկով: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, սակայն, հակադարձում է՝ դիրքերի մոտ կամ հեռու լինելը որեւէ նշանակություն չունի. քանի դեռ խնդիրը լուծված չէ՝ թշնամին անընդհատ փորձելու է այն ի նպաստ իրեն լուծել:
Զինված ուժերը հույսն իր վրա է դնում. Գլխավոր շտաբի պետի տեղակալն ասում է՝ սպասում են թշնամուն դիմակայելու եւ ջախջախելու:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը