Ընդդիմադիր հայմանքապետերի հաղթելուց հետո կալանավորումների հարցում իշխանությունը օրիգինալ չգտնվեց նաեւ այս ՏԻՄ ընտրություններում: Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի՝ կալանավայրից հաղթելուց անմիջապես հետո կալանավորեցին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եւ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարին: Նրանց մեղադրեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քարոզչություն կատարելուն հարկադրելու համար: Ընտրություններն ավարտվեցին, բայց կրքերը չեն հանդարտվում: Մի շարք համայնքներում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է վերահաշվարկ պահանջել: 53 տեղամասերում վերահաշվարկ են արել, տվյալները թողել անփոփոխ: Խնդիրներն այսքանով չեն վերջացել:
Սիսիանում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ: Առավել շատ ձայն է ստացել իշխող ՔՊ-ն, երկրորդն «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը երրորդն է` 4 մանդատով: Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շտապեց հերքել լուրերը, թե իրենց ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում. ով ընդունի առաջարկը, նրա հետ էլ կոալիցիա կկազմի: Թանդիլյանն ասաց՝ ՔՊ-ին իշխանության չբերելն իրենց համար «կարմիր գիծ» է:
Ալավերդում որեւէ ուժ «50+1» ձայն չի հավաքել. «Ապրելու երկիր» կուսակցությունն Արկադի Թամազյանի գլխավորությամբ, առաջին տեղում է: Երկրորդը Քաղաքացիական պայմանագիրն է՝ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի գլխավորությամբ: Երրորդ տեղում ՀԱԿ-ն է՝ 2.3% ձայնով. անցողիկ շեմը չի հաղթահարել, բայց օրենքի ուժով անցնում է ավագանի: Ստացվել է այնպես, որ ՀԱԿ-ի 1 հատիկ մանդատն է որոշելու, թե ով Ալավերդիում կդառնա քաղաքապետ, կձեւավորի համայնքային իշխանությունը:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում