կարևոր
3625 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-27 18:40

Արցունքներ, անեծք, մեղավորներին պատժելու տենչ. Եռաբլուրը 44 օրյա պատերազմից երկու տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցունքներ, անեծք, ցավ, զսպված ճիչ... սիրելիի շիրմին այցելած հարս չդարձած աղջիկներ, ցավից խեղված հայացքով մայրեր, հայրեր: Եռաբլուրի այսօրվա պատկերն է: Արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց: Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը գիշերն անցկացրել է Եռաբլուրում: Սպասել է, իր խոսքով, պատերազմի գլխավոր մեղավորին, որ դեմքին ասի՝ մինուճար որդու շիրմին թույլ չի տալու դավաճանները մոտենան: 
Թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ՝ վստահ է Լիդա Առուշանյանը: Արցախում ծնված ու թուրքի գազանությունը տեսած հայուհին ցավ է ապրում՝ չորս երեխաների հայր Դավիթը զոհվեց Արցախի համար, իսկ թուրքը հիմա Ջերմուկն է ուզում: 
Հայկը Հադրութի Ակնաղբյուր գյուղից էր, միշտ ուզում էր վրեժ լուծել թշնամուց հոր զոհվելու համար: Երկու տարեկանից որբ է մեծացել. հայրը 92 թվականին է զոհվել, պատմում է զոհված զինծառայող Հայկ Ամիրջանյանի մայրը: Ինքն էլ չհասցրեց ընտանիք կազմել, զավակներ ունենալ:  
Հոր՝ Վալերիկ Ամիրջանյանի անվան դպրոցն ավարտելուց հետո էր Հայկը որոշել զինվորական դառնալ: 
Գեւորգը բռնցքամարտիկ էր, տատն ասում է՝ կիլոներով մեդալներ ուներ, իր զոհված հորեղբոր անունն էր կրում: 90 օր հետո պետք է զորացրվեր, բայց զոհվեց: Այլեւս ոչ մի ժառանգի անունը Գեւորգ չենք դնելու՝ ասում է լացակումած տատը: 
Եռաբլուրում ամեն օր հուղարկավորություն կա, շիրիմների հետ ավելանում է մեղավորներին պատժելու տենչը: Դավիթ Ռուշանյանի մայրն ասում է, որ որդին միշտ վախենում էր ներքին թշնամուց, եթե երկրի ներսը վստահելի լինի՝ արտաքին թշնամուն կհաղթենք: 

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում