կարևոր
4501 դիտում, 11 ամիս առաջ - 2022-09-26 19:55

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Զինվորի տան» օրթեզավորման եռամյա ծրագիրն ընթացքի մեջ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոռնիձորցի Հարութը չի սիրում խոսել պատերազմի մասին. 28-ամյա սյունեցին անցել է դրա միջով: 44-օրյայում՝ երիտասարդ կապիտանը հրաշքով երկրորդ կյանք է ստացել: Սակայն պատերազմն անհետեւանք չի մնացել Հարութի կյանքում: 
Տրտնջալ չի սիրում, խղճահարություն առաջացնել՝ առավել եւս: Թեեւ անցել է բավականին բարդ վիրահատությունների միջով ու հայտնվել անվասայլակին, բայց չի կոտրվել: Պատերազմից առաջ եւ հետո ճամփաբաժանին բոլոր վախերը թողած երիտասարդը կամքի ուժ է դրսեւորել նաեւ վերականգնման, նորից ոտքի կանգնելու եւ փոքրիկ դստեր համար հենարան լինելու հարցում: 
Ողնուղեղային, գլխուղեղային, վերին եւ ստորին վերջույթների վնասվածքներով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին այս հարցում աջակցելու համար, Վիվա-ՄՏՍ-ը եւ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն օրթեզավորման ծրագիր են անում: Հարութն այդ ծրագրի շահառուն է դարձել: 
Հարութը վերականգնողական բուժումը անցնում է կարգուկանոն գնահատող զինվորականի նման՝ կատարելով անհրաժեշտ վարժությունները: Կինեզոթերապիստները նշում են՝ դրական դինամիկան ակնհայտ է: 
Հարութի հետ դեռ աշխատելու անհրաժեշտություն կա: Սյունիքից, վերականգնողական բուժման համար ժամանակ առ ժամանակ Երեւան եկող կապիտանը, «Զինվորի տանը» անհրաժեշտ կուրսեր է անցնում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ ժամանակակից 100 օրթեզի կիրառումից ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանորեն վերականգնում են ակնկալում: 

Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը