կարևոր
4171 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-26 19:16

Ո՞վ է քուրդ 2 հեղափոխականներին Հայաստանից Թուրքիային հանձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստանը Թուրքիային է հանձնել քուրդ 2 զինյալների»,- սեպտեմբերի 24-ին քրդական ամբողջ մեդիան ողողված էր այսօրինակ գրառումներով: Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանունները կրող Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը, որոնք Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ռազմական թեւի՝ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի անդամներ են, ու պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար՝ թուրքական բռնատիրության դեմ, Հայաստանից հանձնվել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը: 
Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերից հայտնում են՝ իրենց զինյալները հայկական կողմ են անցել 1 տարի առաջ՝ Հայաստանի սահմանի մոտ հերթապահություն իրականացնելիս դեմ առ դեմ հայտնվել են Հայաստանի սահմանապահների հետ ու միջադեպից խուսափելու համար իջեցրել են զենքերը: Նրանք շրջանցելով Հայաստանի պահպանվող պետական սահմանի «Մեղրիի» անցակետը, անցել են Արաքս գետն ու առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել Հայաստանի սահմանը՝ Իրանից մտնելով Հայաստան: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ցուցմունքներ են տվել, նշել, որ Քրդական բանվորական կուսակցության անդամներ են, թուրքերի դեմ զինված եւ գաղափարական պայքար են մղում: Իսկ իրենց մոտ գտնված զենքն ու զինամթերքը ոչ թե մտադիր են եղել օգտագործել ահաբեկչության համար կամ փոխադրել Հայաստանի տարածքով, այլ գաղափարական պայքարի բաղադրիչ են, առանց դրանց իրենք չեն կարող պայքարել թուրքերի դեմ: Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի տվյալով այս տարվա փետրվարի 23-ին Հայաստանի դատարանը նրանց ազատ է արձակել, բայց դրանից հետո հատուկ ծառայությունները նրանց նորից բռնել են: Եվ հանձնել Թուրքիային: 
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, իշխող թիմի կազմում նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր դարձած Կնյազ Հասանովը սխալ է համարում քուրդ հեղափոխականներին թշնամի Թուրքիային հանձնելը: 
Հայաստանի Անվտանգության ծառայությունից ու արդարադատության նախարարությունից հերքում են, որ առնչություն են ունեցել Աթիլլա Չիչեքի ու Հուսեյին Յըլդրըմի հանձման հետ: Սահմանադրագետ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդեւանյանի խոսքով Անվտանգության ծառայությունը իրավասություն չունի իրականացնելու օտարերկրյա անձանց հանձնում. այն կարող է երկու տարբերակով տեղի ունենալ: 
Վարդեւանյանի խոսքով, Հայաստանն ու Թուրքիան, չունենալով դիվանագիտական հարաբերություններ, բայց լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ կաշկանդված են մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայով՝ հետեւաբար, Հայաստանը կարող էր հանձնել, բայց նաեւ հաշվի առնել, որ տվյալ անձինք կարող են հանձնվող երկրում խոշտանգվել: Վարդեւանյանի համար անհասկանալի է՝ ինչպես Հայաստանի կողմից հաշվի չի առնվել այս սպառնալիքը: 
Թուրքիան հպարտությամբ հայտնում է, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են՝ գաղտնի հետախուզական գործողության արդյունքում: Թուրքական լրատվադաշտում Հայաստանի կողմից հանձնելու մասին ոչինչ չի նշվում:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում