կարևոր
3034 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-26 18:41

8 մարզի 18 համայնքում տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տավուշի Բերդ համայնքի ղեկավարը կալանավայրում տոնեց իր գլխավորած ցուցակով՝ «Զորավոր համայնք» դաշինքի հաղթանակը ՏԻՄ ընտրություններում: Հարություն Մանուչարյանի դաշինքը ստացավ գերակշիռ՝ 51,6 % վստահություն: Սա արդեն երկրորդ օրինակն է՝ ինչպես է փաստաբանների կողմից քաղբանտարկյալ որակվող համայնքապետը հաղթում բանտից. Առուշ Առուշանյանն էլ նախորդ ՏԻՄ ընտրություններում Գորիսի համայնքապետ ընտրվեց ու պաշտոնավարեց՝ ազատ արձակվելուց հետո: Այս անգամ էլ մարդիկ ընտրությունների գնում էին՝ հույսով, որ դրանք փոփոխություն կմցնեն իրենց կյանք: 
Սեպտեմբերի 25-ին հանրապետության 8 մարզի 18 համայնքում տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրեցին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ մասնակցությունը 50.47 տոկոս էր: Ամենակտիվը քաջարանցիներն էին՝ 77,77%, ամենապասիվը՝ Ջրվեժի ընտրողները՝ 27,20%: 
Ալավերդի խոշորացված համայնքում հաղթել է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 49% ձայնով: «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է բնակիչների 47%-ը: Իշխող ուժը պարտվել է նաեւ՝ Տաշիրում: «Միասնական Համայնք» դաշինքն այնտեղ հավաքել է 82.9%-ը, ՔՊ-ն՝ 17.1%: 
Քաջարանում համայնքի ղեկավար, «Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մանվել Փարամազյանը 67 տոկոս քվե է ստացել: Հաղթանակը մեծ շուքով են նշում: 
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում եւս իշխող Քաղաքացիական պայմանագիրը պարտվել է: Սիսիանում ակնհայտ է իշխող թիմի ճնշումներն ընտրողների վրա: Անգամ դիտորդներն են արձանագրում՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը օրենքի խախտմամբ շարունակականորեն գտնվել է 34/06 տեղամասի մուտքի մոտ, ստեղծել կուտակումներ՝ անտեսելով ոստիկանների՝ մեքենան հանելու պահանջը: «Անկախ դիտորդ» կազմակերպությունը փաստեց. այս ֆոնին առավել արժանահավատ են դառնում նախընտրական փուլում ստացած այն ահազանգերը, որ ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, վարչական լծակներով (այդ թվում` բուժհաստատություններում) Սիսիանում ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել: 
ՔՊ-ն պարտվել է նաեւ Չարենցավանում եւ Ալագյազում: Իշխող ուժը հաղթել է 11 համայնքում: Այդ թվում Սիսիանում, Թալինում, Արենիում: 
Այս տարի ընտրողների թիվը նվազել էր. թեկնածուները սա պայմանավորում են երկրում տիրող իրավիճակով: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը