կարևոր
2452 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-26 18:03

Երեխեքի դիերը էտ ձորակի մեջ՝ գելերը, աղվեսները հոշոտած կլինեն. անհայտ կորածի հայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեխեքի դիերը գերի են մնացել.13 օր է որդուցս տեղեկություն չունեմ, Վերին Շորժայի ձորակում են դիերն ու վիրավորները, որեւէ բան չի նախաձեռնվել, որ գոնե վիրավորներին հանեն ու փրկեն՝ Պապիկյանից բացատրություն է պահանջում սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման ընթացքում անհետ կորած համարվող ժամկետային Սերյոժա Ղազարյանի հայրը: Վերջին հարձակմանը անհետ կորածների հարազատները Պաշտպանության նախարարության մոտ են, չեն կարողանում զսպել զայրույթը: Սերժիկ Ղազարյանը որդուն փնտրել է դիահերձարաններում, նկարներ է նայել, բայց որեւէ համընկնում չկա: 
Պաշտպանության նախարարությունից ծնողներին հորդորել են սպասել, ասելով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են: Աթանյան Սամվելի հայրն ասում է՝ որդին երկու ամսվա զինծառայող էր, չի տիրապետել զենքին, բայց Ներքին Հանդի դիրքեր են տարել: Անորոշ վիճակում են ծնողները: Հրամանատարի հետ այդպես էլ չի հաջողվում հանդիպել: 
Զինծառայողների ծնողները դժգոհ են՝ իշխանությունները ոչ միայն անհետ կորածներին գտնելու ուղղությամբ ոչինչ չեն անում, այլեւ զոհվածների ու անհետ կորածների անունները չեն հրապարակում: Մտածում են՝ զոհերի իրական՝ մեծ թիվը թաքցնելու համար է արվում: Հիշեցնում են, որ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո ՔՊ-ն էր մեղադրում այն ժամանակվա իշխանությանը՝ զոհերի անունները չհրապարակելու համար, մինչդեռ այն ժամանակ անունները հրապարակվեցին ու հեռարձակվեցին լրատվամիջոցներով: Իսկ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը Ազգային ժողովում զոհերի թիվը պլյուս- մինուսով հայտարարեց, եւ անուններ այն ժամանակ էլ այդպես էլ չհրապարակվեցին։ 
Պաշտոնական՝ այս պահին հրապարակված տվյալով՝ թշնամու վերջին հարձակումից 207 զոհ եւ անհետ կորած զինծառայող ունենք: Զոհերից 3-ն ու անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչներ են: Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է: Անհայտ կորածների հարազատներն ասում են՝ հետագա քայլեր լինելու են, նախարարին հաստատ հանգիստ չեն տալու:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում