Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի ամբողջ հարավն ու արեւելքը, մայրաքաղաք Երեւանը համարում է ադրբեջանական հող, շարունակում է օկուպացրած պահել Հայաստանի զգալի տարածքներ, ու այսքանի հետ կա ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգ: Սա արձանագրելով՝ Փաշինյանը հարց ուղղեց Իլհամ Ալիեւին. կարո՞ղ է ցույց տալ այն քարտեզը, որով ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքը:
20 րոպեանոց ելույթում Փաշինյանը, առանց անուններ տալու, քննադատեց միջազգային որոշ գործընկերների: Հիշեցրեց, որ սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց առաջ՝ Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետրը՝ արդարանալով, թե Հայաստանը հրաժարվում է հանձնաժողովը ստեղծելուց: Թեեւ, ըստ Փաշինյանի, Երեւանը միայն պնդել էր, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի:
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի հասցեին այս ակնարկները սեփական անգործությունն ու սեփական սխալները ծածկելու՝ իշխանության փորձերն են: Հաջորդ մեղավորը կարող է եւ Միացյալ Նահանգները դառնալ:
Սա Արցախի դեմ 44-օրյա պատերազմից 2 օր առաջ էր. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանին հեռավար ելույթում Փաշինյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այս անգամ ինքնորոշումից ոչ մի խոսք, եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ պարզապես այնտեղ բնակվող հայերի ընդհանրական իրավունքներից խոսեց վարչապետը, ինչը, ըստ մասնագետների, թշնամական օրակարգը սպասարկող ձեւակերպում է:
Փաշինյանը ՄԱԿ-ի վեհաժողովում հիշեցրեց նաեւ, որ Բաքուն Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում՝ շեշտելով, որ եռակողմ փաստաթղթերում այդ մասին խոսք չկա: Պնդեց, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է կառուցել ճանապարհ, որը կգործի Հայաստանի օրենսդրության համաձայն եւ ինքնիշխան հսկողության ներքո:
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը եզրակացնում է՝ ՄԱԿ-ում ելույթով Փաշինյանը խոստովանում է, որ տապալել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը ու գուցե անգամ խնդրում է հեռացնել իրեն:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում