Բերձորը, Սուսն ու Աղավնոն սկուտեղի վրա ստանալուց հետո Ադրբեջանի նախագահը հիմա էլ այնտեղից է հայերի վրա մատ թափ տալիս: Հոխորտալով զգուշացնում է՝ թող ոչ մեկի վրա հույս չդնեն, քանի որ ոչ ոք եւ ոչինչ՝ լինի զանգ, թե հայտարարություն, Ադրբեջանին չի կանգնեցնի:
Ու ոչ միայն սպառնում է, այլեւ՝ մեղադրում: Չնայած Հայաստանի հետ սկսվել են սահմանազատման աշխատանքները, սակայն, Ալիեւի պնդմամբ՝ դրանք միայն ֆորմալ բնույթ են կրում, քարտեզների շուրջ քննարկումներ չկան: Եվ այդ Հայաստանն է, նրա պնդմամբ, որ ձգձգում է սահմանազատման գործընթացը:
Մեկ ուրիշ դժգոհություն էլ ունի Բաքվի բռնապետը՝ Հայաստանը ոչինչ չի անում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար:
Մինչեւ եկող տարվա վերջ Բաքուն այլ ծրագրեր էլ ունի. Բերձոր քաղաքն է պատրաստվում բնակեցնել ադրբեջանցիներով: 2022 թվականի բյուջեից էլ արդեն 470 հազար դոլար է հատկացրել Աղավնո ու Սուս գյուղերի նախնական վերականգնման գումար: Իսկ մինչ այդ ծրագրերը կիրականան, հայտարարում է՝ Մռավի լեռնաշղթայից մինչեւ Արաքս գետն ընկած բոլոր շահեկան դիրքերն այժմ իրենց ձեռքում են: Ու դրանք, Ալիեւի խոսքով, ապահովում են ինչպես ռազմական առավելություն, այնպես էլ մեծ տարածքի տեսողական վերահսկողություն:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում