կարևոր
3454 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-09-20 19:02

Թաթոյանը քաղաքականությամբ կզբաղվի, եթե լուծումը դրա մեջ լինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի՝ քաղաքականություն մտնելու մասին լուրին սպասում էր հանրության մի լայն զանգված: Նա, սակայն, հրապարակեց որոշումը. շարունակելու է հանրային գործունեությունը եւ ներգրավված չէ քաղաքական գործընթացներում: 
Թաթոյանը հիմնադրամ է ստեղծել. «Իրավունքի եւ արդարության կենտրոն. Թաթոյան հիմնադրամ» անվամբ: Բացառում է որեւէ օլիգարխիկ ֆինանսավորում, ասում է՝ կազմակերպությունը ֆինանսավորում են Սփյուռքի հայրենակիցները՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Եվրոպայից: Իբրեւ Հայաստանի ՄԻՊ պաշտոնավարումից հետո էլ մարդու իրավունքների պաշտպանությամբ ակտիվ զբաղվող Արման Թաթոյանի համար անընդունելի է քաղաքականության մասին խոսելը, երբ երկիրը կանգնած է անվտանգային սպառնալիքների առջեւ, Ադրբեջանը ամեն գնով փորձում է օկուպացնել Հայաստանի ինքնավար տարածքի մի մասը: 
Փաշինյանի հայտնի ելույթից հետո, թե պատրաստվում է դավաճանական փաստաթուղթ ստորագրել, Բաղրամյան պողոտայում հազարավոր մարդիկ հավաքվեցին՝ պահանջելու նրա հրաժարականը: Թաթոյանն էլ միացավ հավաքին: Նշում է՝ մասնակցել է որպես Հայաստանի քաղաքացի եւ ոչ որպես որեւէ կուսակցության մաս: 
Ադրբեջանը խաղաղության նպատակ չունի,-նշել է Թաթոյանն ու ընդգծել՝ շարունակում է ու շարունակելու է փաստահավաք աշխատանքները, արդյունքը ներկայացնում է միջազգային բոլոր հնարավոր հարթակներում: 
Երբ զեկույցները փոխանցել է միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, տարակուսել են՝ ինչպես է, որ Հայաստանի իշխանություններն այդ փաստերի մասին իրենց որեւէ կերպ չեն տեղեկացրել: Թաթոյանը եզրակացնում է՝ այսօր շահագրգռված են չբացահայտելու առանձին խնդիրներն ու խախտումները: Նրա համաոզմամբ՝ երկրի անվտանգությունն ավելի ցածր է գնահատվում, քան քաղաքական-անձնական շահը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում