Սուսաննա Մարգարյան, Անուշ Ապետյան, Ալիսա Մելքոնյան, Իրինա Գասպարյան... այս կանայք կյանքը զոհեցին Ադրբեջանի սկսած վերջին պատերազմի ժամանակ: Սուսաննա Մարգարյանն անցավ Արցախյան բոլոր պատերազմներով, մասնակցեց ապրիլյան ռազմական գործողությանը, ու զոհվեց Ջերմուկում՝ սեպտեմբերի 14-ին: 50-ամյակի օրը հյուրերը զարմացել էին՝ առաջին անգամն էին տեսնում երեկոյան զգեստով, զուգված-զարդարված:
36-ամյա Անուշ Աբետյանը Արմավիրից էր՝ երեք անչափահասի մայր: Քույրն ասում է՝ միշտ սիրել է զինվորականի մասնագիտությունը: 8 ամիս առաջ էր որոշել ու անցել պայմանագրային զինծառայության: Նրա խոսքով՝ Անուշի դուստրը եւս մտադիր է գնալ մոր հետքով ՝ զինվորական դառնալ:
Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր: Եղբոր զոհվելուց հետո էր որոշել՝ երկիրը պահելու է նրա փոխարեն: Պայմանագրային զինծառայող էր՝ Գեղարքունիքի զորամասերից մեկում:
Իրինա Գասպարյանը բուժքույր էր: Պատերազմի սարսափը տեսել էր նաեւ 44-օրյա պատերազմում: Որոշումը հստակ էր՝ զինվորի կողքին է լինելու մինչեւ մահ: Վազգանուշ Մինասյանը հավատացնում է՝ կին զինծառայողները պատրաստվածությամբ չեն զիջում տղամարդկանց: Այս կանանցից պետք է օրինակ վերցնել:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում