կարևոր
2314 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-09-20 15:04

Ժամանակն է հետ քաշել զորքերը․ Բլինքենը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել վերադառնալ բանակցային սեղան

Ժամանակն է հետ քաշել զորքերը․ Բլինքենը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել վերադառնալ բանակցային սեղան

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը զորքերը հետ քաշելու կոչ է արել։ Այս մասին Բլինքենը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ինչպես ասացի հանդիպման ընթացքում՝ ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ»,- նշել է նա։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի: