կարևոր
2617 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-09-20 14:16

Հատվածներ՝ քաղաքացիների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան պողոտայից երթով գնացել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ, հանդիպում ունեցել Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Քաղաքացիները ցանկանում էին հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Սեպտեմբերի 19-ին հանդիպումը կայացավ, և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան նախագահ Քոչարյանին հարցեր ուղղելու, լսելու նրա մոտեցումներն ու տեսակետները։

Որքան էլ գրասենյակը փորձել էր հանդիպումը կազմակերպել հնարավորինս մեծ դահլիճում, դահլիճն ավելի փոքր էր նախագահի հետ հանդիպմանը ցանկություն ունեցողներին ամբողջությամբ տեղավորելու համար։ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը ներկայարել է  այն հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի պատասխանները, որոնք քաղաքացիներին ամենաշատն են հետաքրքրել։

«Եթե դուք տեսնում եք «Հայաստան» դաշինքի ակտիվությունը, ուրեմն իմացեք, որ «Հայաստան» դաշինքի հետ ես եմ։ «Դիմադրություն» շարժումը թեև մշակվել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ և ավելի լայն շրջանակներում, սակայն նախագահ Քոչարյանը չի վերցրել առաջնորդի դրոշը՝ ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների վերլուծություններից։ «Մեր կարծիքով, ընտրություններում բախվեցին «արժանապատիվ խաղաղություն» թեզը և «խաղաղություն ամեն գնով» թեզը, և արժանապատիվ խաղաղությունը մեր բնակչության զգալի մասին վախեցրեց։ Իմ կերպարը, իմ ղարաբաղյան անցյալը, իմ՝ պատերազում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի, թե՝ կգա մի թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել և կարող է դա մեր գլխին ևս մեկ պատերազմ բերել։ Սա հիմնական գործոնն էր, որ ամբողջ սոցոլոգիան խառնեց»,- ասաց նախագահ Քոչարյանը՝ հավելելով, որ պայքարի առաջնագծում չլինելով՝ փորձել է չեզոքացնել իր կերպարի շուրջ տարիներ շարունակ տարբեր քարոզչամիջոցներով սերմանած վախերը։

«Ես ոչ մի տեղ չեմ գնացել, այսպես ասած, ուղղակի փորձել ենք այլ գործիքակազմով մասնակցել այս ամենին»,- ասաց նախագահ Քոչարյանը։ Նա նշեց, որ մոտակա ժամանակներում փորձելու են վիճակը գնահատել։ Ասաց, որ նոր ծրագրի վրա են աշխատում։ Փակագծեր չբացեց։ Բայց ասաց․ «Եթե ժողովուրդը թմբիրից զարթնել է, և վախի արձագանքը պայքարն է, ոչ թե մահացած ձևանալը, ուրեմն պետք է սկսել՝ այլ տեմպերով, այլ կարգախոսներով և գնալ մինչև վերջ։ Դա կլինի իրավիճակի գնահատականից հետո»։