կարևոր
2476 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-09-19 16:55

Մենք հիմա այլ խնդիր պետք է լուծենք՝ արթնացնենք մեր ժողովրդին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մենք հիմա այլ խնդիր պետք է լուծենք՝ արթնացնենք մեր ժողովրդին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնեց Հայաստանից։ Մենք նորից միայնակ մնացինք։ Ու սա ամենևին էլ հեգնանք չէ։ Գիտե՞ք այս ամենը շատ նման է սգավոր մարդկանց ընտանիքում տիրող տրամադրություններին։ Երբ հարազատիդ հոգեհանգստին ու հուղարկավորությանը բազում ընկերներ են հավաքվում, մխիթարանքի խոսքեր ասում, գոտեպնդում, բայց վերջիվերջո նրանք միևնույն է գնում են ու դու միայնակ ես մնում քո ցավի ու քո ապրումների հետ։

Հայաստանն էլ է միայնակ։ Որքան էլ մեզ օգնեն, աջակցության խոսքեր ասեն, միևնույն է կան դժվարություններ, որ մենք ինքնուրույն պիտի հաղթահարենք։

Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և մնացած բոլորի վարքագծի հետ կապված վերջին օրերի հանրային քննարկումները չափազանց էմոցիոնալ էին և ակնհայտ ոչ ռացիոնալ։ Այս օրերին ես փորձեցի մաքսիմալ զուսպ լինել և փորձել քիչ խոսել մեր ժողովրդի տրամադրություններում առկա՝ ոչինչով չհիմնավորված հիասթափությունների և ոգևորության մասին։ Բայց հիմա ուզում եմ ասել՝ սիրելիներս, մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Գոնե թե առաջին քայլերը մենք պետք է անենք։ Ուղիղ եմ ուզում ասել՝ մինչ մենք չորոշենք կռիվ տալ մեր երկրի համար, ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն։ Նույնիսկ ամենամոտ դաշնակիցները։ Եվ սա շատ ռացիոնալ է։

Մենք հիմա այլ խնդիր պետք է լուծենք՝ արթնացնենք մեր ժողովրդին։ Մարդիկ չեն գիտակցում ստեղծված իրավիճակի խորությունն ու հնարավոր հետևանքները։ Խնդրում եմ բարձրաձայն ինքներդ ձեզ համար ասեք՝ Ջերմուկի, Սիսիանի բնակիչները լքել են իրենց քաղաքները։ Հասկանու՞մ եք՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում փախստական են դարձել։ Սարսափելի է։ Բայց արդյո՞ք դա պարտադրված որոշում է եղել։ Կամ ի՞նչ աստիճանի է պարտադրված եղել…

Նորից եմ կրկնում, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է որոշում կայացնենք՝ մե՞նք ենք մեր երկրի տերը, թե՞ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»։