կարևոր
2152 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-19 16:02

Լավ է ուշ, քան երբեք

Լավ է ուշ, քան երբեք

Երէկ, ուշ երեկոյեան, Իրանի հեռուստատեսութիւնը իր առաջին կայանով բաւականին հանգամանալից, բազմակողմանի եւ կարելի է ասել՝ աննախադէպ վերլուծական-փաստագրական մի ծրագիր է ներկայացրել ինչպէս 90-ական թթ. Արցախեան առաջին եւ 2020 թ. 44-օրեայ, այնպէս էլ՝ առհասարակ հայ-ադրբեջանական 30-ամեայ հակամարտութեան վերաբերեալ, որոնք վերջին շրջանում դարձեալ թէժ կերպարանք են ստացել:

Մասնաւորապէս ուշագրաւ էին հրաւիրեալ-վերլուծող դոկտ. Ահմադ Քազեմիի անաչառ ու իրատեսական մեկնաբանութիւնները՝ Արցախեան հիմնահարցի շուրջ, անշուշտ՝ ԻԻՀ-ի ազգային-պետական շահերի շրջագծերում:

Խրախուսելին մեզ համար, նոյն շահերի կոնտեքստում հայամէտ կողմնորոշումներն էին, որոնք յատկապէս երկրի ռադիօ-հեռուստակայաններում նախադէպ չեն ունեցել…, ոչ միայն մինչ 44-օրեայ, այլեւ բուն 44-օրեայ պատերազմից յետոյ: Երեւի, պատճառները կարելի է դիտարկել՝ էթնիկ-կրօնական զգայնութիւնների, կամ, զուտ քաղաքական առումով՝ ի սկզբանէ Արցախեան հիմնահարցին լոկ տարածքային վէճերի տիրոյթում գնահատելը:

Այժմ, ինչպէս որ տւեալ ծրագրի մեկնաբանութիւններից կարելի եղաւ ենթադրել եւ յատկապէս 44-օրեայից յետոյ թէ՛ շրջանային, եւ թէ՛ միջազգային մասշտաբով աշխարհաքաղաքական նոր զարգացումները նկատի առնելով, ստիպել են Իրանին, որպէսզի հակառակ նախորդ 30-ամեայ ժամանակաշրջանի, այժմ բարձրաձայնի եւ աւելին՝ կտրուկ դիրքորոշումներ արտայայտի առհասարակ Արցախեան հիմնահարցի խնդրում իր իսկ անվտանգութեան առաջնահերթութիւններից ելնելով:

ԻԻՀ նորագոյն ռազմա-քաղաքական հայանպաստ դիրքորոշումների ականատեսը դարձանք, ահաւասիկ, երէկ ուշ երեկոյեան տւեալ հեռուստակայանից, որի լսարանը միլիոնների է հասնում, որը խիստ ողջունելի է, քանզի իրանական լայն հասարակայնութեան մօտ մօտեցման դրական ձեւաւորման է յանգեցնելու անտարակոյս:

Խիստ ուշագրաւ էր մէկ այլ հանգամանք, երբ ծրագրի հաղորդավարը միաժամանակ իր զարմանքը յայտնելով՝ քննադատաբար՝ իր խօսքն էր ուղղում երկրի դիւանագիտական ու քաղաքական-անվտանգային որոշակի կառոյցների, վերջիններիս յիշեցնելով, որ գերագոյն հրամանատար եւ հոգեւոր առաջնորդի յստակ կողմնորոշումը, որոնք բարձրաձայնւեցին վերջերս Էրդողանին եւ Պուտինին ընդունելիս, հարկ եղած կերպով գործադրական երանգ չեն ստանում… Եւ ծրագրի հէնց կենդանի թողարկման ընթացքում էլ ինքնարդարացման նպատակով երեւի, հաղորդավարին հարկ համարեց հեռաձայնել ու բացատրել Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան խորհրդի յանձնաժողովի նախագահը առ այն, որ պատշաճ աշխատանքների լայն փաթեթ են պատրաստել, առ ի գործադրում…:

Ինչեւէ, չենք կարող նաեւ մեր կողմից չմատնանշել այն հանգամանքը, որ գրեթէ աւելի քան 3 տասնամեակ հէնց իրանահայ ազգային-քաղաքական շրջանակները եւ առաջին հերթին Թեհրանի Հայ Դատի յանձնախումբն ու ՀՀ-ի քաղաքագիտական-ակադեմական ու վերլուծական շրջանակները պարբերաբար եւ հէնց Իրանի ու Հայաստանի ազգային-պետական շահերից ելնելով, ակնկալում էին, որպէսզի ոչ միայն փակ սրահներում, այլեւ ազդեցիկ ԶԼՄ-ներում ու յատկապէս ռադիօ-հեռուստատեսութեամբ բարձրաձայնւեն իրողութիւնները՝ առհասարակ սիոնիստա-պանթուրանական իրական սպառնալիքների մասին, որոնք ինչպէս ասւեց, որոշ նկատառումների բերումով չէին արձագանգւում: Ահա եւ այդ սպասւած արձագանգին թէեւ ուշացած, բայց ականատես եղանք երէկ՝ սեպտ. 18-ի հեռուստածրագրում…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ

ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ