կարևոր
1624 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-09-19 11:48

Թբիլիսիում ոստիկանությունը խոչընդոտել է հայերին բողոքի ակցիա իրականացնել

Թբիլիսիում ոստիկանությունը խոչընդոտել է հայերին բողոքի ակցիա իրականացնել

Օրեր առաջ սոցցանցերում տարածվեց մի նախաձեռնություն, որը կոչ էր անում հայերին միանալ հանուն Հայաստանի և բարձրացնել բողոքի ձայն: Դրան իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց մեր կազմակերպությունը, որի անդամները սադրանքներից խուսափելու նպատակով, որոշեցին ուղեկցել այդ երթը. հայտնում է «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը:

«Այն սկսվեց Հավլաբարի մետրոյի հարակից տարածքից, և պետք է ավարտվեր Ադրբեջանի դեսպանության առջև։ Երթին մասնակցում էր անհամեմատ մեծ թվով ոստիկաններ, որոնք Մետեխիի կամրջին կազմել էին «կենդանի պատ»։ Ոստիկանության հետ երկար վիճելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ոստիկանությունը հրաման է ստացել երթի մասնակիցներին չթողնել շարունակել երթը դեպի Ադրբեջանի դեսպանություն:

«Վրաստանի Հայ Համայնքի» նախագահ Արթուր Միրզոյանը սադրանքներից խուսափելու նպատակով փորձեց երթի մասնակիցներին վերակազմակերպի և շարունակի երթը դեպի Վրաստանի Արտաքին գործերի նախարարության շենքը (ինչը նաև նկարահանված է և պարզ լսվում է)։ Սակայն իրեն այդ հնարավորությունը չտրվեց. նա ձերբակալվեց երթին մասնակից մի քաղաքացու հետ միասին։

Արթուր Միրզոյանի անօրինական ձևով ձերբակալությունը աղմուկ բարձրացրեց կազմակերպության անդամների միջև, որոնք փորձեցին կասեցնել այդ անօրինական քայլը: Այդ պահին ձերբակալվեցին կազմակերպության 4 անդամներ ևս։ Սակայն այդ ամենը չկոտրեց երթի մասնակիցների ոգին, և ազատության մեջ մնացած կազմակերպության մյուս անդամները մի խմբով շարունակեցին երթը հայրենասիրական երգերով դեպի Վրաստանի խորհրդարանի շենքը` Ալիևին, Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու կոչերով։

Խորհրդարանի շենքի դիմաց խոսքով ելույթ ունեցան երիտասարդները, նույնիսկ ելույթ ունեցավ Ուկրաինայի քաղաքացին, որն աջակցեց Հայաստանին և ՈՒկրաինային։ Ցույցը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մասնակիցները չիմացան ձերբակալված 5 անդամի ազատության մասին լուրը։

Ապագա զարգացումների մասին Վրաստանի Հայ Համայնքը տեղյակ կպահի հանրությանը», - գրում է կազմակերպությունը:

Ակցիայի մասին լրացուցիչ տեսանյութերի և տեղեկությունների համար կարող եք այցելել «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպության ֆեյսբուքյան էջ։