Գեղամ Մանուկյանի հայտարարությունը, թե դավաճանի պիտակը իշխանական խմբակցության պատգամավորների վրա է մնալու, վիրավորեց ՔՊ-ականներին: Թեեւ Փաշինյանն ինքն էր ԱԺ ամբիոնից հայտարարել, որ փաստաթուղթ է ստորագրելու, որի համար կարող են իրեն ե՛ւ դավաճան ասել, ե՛ւ հայհոյել, իշխանական պատգամավորները պնդում են, որ ուղղորդված սադրանք է մարդկանց համոզելը, թե գաղտնի պայմանագիր է ստորագրվելու: Փաշինյանի հենց այդ հայտարարությունից հետո էր, որ տասնյակ հազարավոր զայրացած մարդիկ հավաքվեցին Բաղրամյան պողոտայում:
ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը, որն ակտիվորեն վիրավորանքներ էր հնչեցնում ու բղավում Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում, իսկ ելույթից հետո փորձեց հաշիվ պահանջել՝ իր վարքից դժգոհ չէ:
Փաշինյանին անվստահություն հայտնելու փաստաթղթի վրա ընդդիմադիր 35 պատգամավորներ արդեն դրել են իրենց ստորագրությունները, բայց գործընթացն ավարտին հասցնելու համար ՔՊ-ականներից 18-ի ստորագրությունն է պետք:
Թե ով կլինի ընդդիմության առաջադրած վարչապետի թեկնածուն՝ դեռ պարզ չէ, մի քանի տարբերակ են քննարկել, որոնք հրապարակել առայժմ չեն ցանկանում:
Խորհրդարանական ընդդիմության նպատակը Հայաստանում նոր բանակցող ունենալն է, նոր կազմ, որը կկարողանա ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: ՔՊ-ին եւս կոչ են անում իրենց ներսում շտապ քննարկում սկսել վարչապետի պաշտոնանկության օրակարգով ու քաղաքական թիմի նոր ղեկավար առաջարկել:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում