կարևոր
1915 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-13 23:23

ԱՄՆ-ը հորդորում է Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները. միջազգային արձագանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թշնամու հարձակումը Նիկոլ Փաշինյանն առաջինը քննարկեց Վլադիմիր Պուտինի հետ: Գիշերը՝ հեռախոսազրույցում վարչապետը Ռուսաստանի նախագահին մանրամասներ փոխանցեց Ադրբեջանի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունների մասին: 
Ավելի ուշ Կրեմլի խոսնակը հայտնեց, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո՝ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է սկսվել: Վլադիմիր Պուտինն ինքն էլ, Պեսկովի պնդմամբ, գործադրում է բոլոր ջանքերը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի թուլացման համար: Ադրբեջանական հարձակումից մի քանի ժամ անց նախապես ծրագրված այցով Երեւան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչը, որը մի քանի օր առաջ էլ Բաքվում էր: Իգոր Խովաեւին ընդունեցին վարչապետն ու արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը շեշտեց՝ Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը: 
Համանախագահ մյուս երկրի՝ Ֆրանսիայի նախագահն էր նաեւ գիշերվանից Փաշինյանի հետ կապի մեջ: Ելիսեյան պալատից հայտնեցին՝ Էմանուել Մակրոնը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի՝ քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակը: Այս պահին հենց Ֆրանսիան է նախագահում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: 
Մինչ այդ, խորապես մտահոգված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թուլացնելու համար: 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երրորդ երկրի՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարն էլ հեռախոսով խոսեց թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիեւի հետ: Վստահեցրեց, որ Վաշինգտոնը ջանք կգործադրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտերի անհապաղ դադարեցման եւ խաղաղ կարգավորման համար, եւ կարեւորը՝ հորդորեց Ալիեւին դադարեցնել ռազմական գործողությունները: Եվ այստեղ էլ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը: Ինդիանայում լրագրողների հետ զրույցում Բլինքենը հայտարարեց, թե Ռուսաստանը կարող է փորձել, այսպես ասած, պղտորել ջրերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունում` ուշադրությունը Ուկրաինայից շեղելու համար: 
Մտահոգ լինելու մասին խոսեցին նաեւ Եվրոպայում: Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթաց ասվածում ակտիվ դերակատարում ստանձնած Եվրամիությունը հայտարարեց, որ սերտ կապի մեջ է 2 կողմի հետ էլ՝ նպաստելու լարվածության թուլացմանը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պնդեց՝ «Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն»: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ անհասցե հայտարարությամբ կոչ արեց բոլոր ուժերին հետ քաշվել իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր ու պահպանել հրադադարի ռեժիմը: 
Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գործուղվել է տարածաշրջան: Նախ կլինի Բաքվում, ապա՝ Երեւանում: Մինչ այդ, Ադրբեջանի մայրաքաղաքում իրավիճակի վերաբերյալ Ալիեւի ստերը լսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: Օրեր առաջ նա Երեւանում էր: Արձագանքում են նաեւ ՆԱՏՕ-ից: Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Թվիթերում գրել է՝ մտահոգված է սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ ու կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան նույնպես արձագանքում է: Այդ երկրի արտգործնախարարությունը կոչ է անում հակամարտությունը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ու կարծիք հայտնում, թե Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունն անիմաստ են: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում