Սիրիայի Ջազիրա քաղաքում գործող Հայկական ազգային խորհուրդը առաքելություն ունի՝ արաբական աշխարհում պահել հայոց լեզուն եւ մշակույթը: Խորհրդի անդամ Արեւ Քասաբյանը հասկանում է հայերենը, բայց չի կարողանում արտահայտվել: Ասում է՝ անպայման կսովորի եւ կխոսի հայերեն:
Խորհրդի կազմում ընդգրկված են տարբեր կրոնական պատկանելության հայ կամավորներ: Արեւ Քասաբյանն ասում է՝ Սիրիան պայքարում է հինգ գերտերությունների դեմ եւ հայերի համար շատ կարեւոր է պաշտպանել այն հողը, որտեղ ծնվել են:
Արցախյան պատերազմի ժամանակ Հայկական ազգային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանը մեր հայրենիքն է եւ պարտավոր ենք պահել մեր հողն ու մշակույթը։
«Զագրոս» քրդական պաշտոնաթերթի խմբագիր Լիաննա Մհոյանն ասում է՝ ադրբեջանցիները տարածել էին տեղեկություն իբր քուրդ կամավորներ են մասնակցել արցախյան երկրորդ պատերազմին, բայց իրականում քրդերը ցանկություն են հայտնել միայն, որեւէ ճանապարհով չեն կարողացել միանալ պայքարին: Նրա խոսքով՝ ադրբեջանցիները շարունակ փորձում են պառակտել հայերին եւ քրդերին:
Արեւ Քասաբյանն ասում է՝ մշակույթը պահելով մնում ենք հայ, եւ պետք է այս միտքը կարգախոս դարձնենք:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում