Աշխատանքային օրվա ավարտին հրազդանցիները չեն կարողանում մայրաքաղաքից ընդամենը 41 կմ-ի վրա գտնվող իրենց տներ հասնել. տրանսպորտ չկա: Մարդիկ ժամերով սպասում են, այլ տարբերակ չունեն. տաքսիներն էլ ուշ-ուշ են գալիս: Մինչեւ հասնում ենք տուն հետ գալու ժամանակն է դառնում՝ դժգոհում են մարդիկ:
Այս վիճակը ձգվում է արդեն մի քանի ամիս: Բնակիչները զայրացած են՝ պետության անուշադրության պատճառով կանգառից մի քանի շարքով ճանապարհի գրեթե կեսը հասած մարդիկ իրար ծեծելով են նստում վարորդների անձնական մեքենաները: Սա նման է Զատկի տոնին ընդառաջ թանկացումների ֆոնին խանութներում միմյանցից կռվով հավկիթ խլելուն, բայց այս անգամ կռիվը մեքենաների համար է: Իրավիճակի կարգավորման ահազանգեր բազմիցս եղել են:
Հարցի կարգավորումը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դաշտում է: Խոսնակն ասում է՝ միասնական օպերատորը «Մուլտի տրանսպորտ» ընկերությունն է: Մեքենաները ներկրում է Ռուսաստանից, որոշ մասը դեռ տեղ չի հասել, դա է պատճառը, որ խնդիրը չի լուծվում: Վերջնաժամկետ նշել չեն կարող:
Նման պատկեր է Զովունիում: Տրանսպորտ չունենք՝ ահազանգում են բնակիչները, ասում են՝ միայն Գագիկ Ծառուկյանի գիծն է, այն է` թանկ: Այս ամենին վերջ դնել է պետք:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանում են. Զովունին Կոտայքի մարզում է, իսկ նախկինում այնտեղ հասնող 12 համարի երթուղայինը Երեւանը սպասարկող տրանսպորտ է, այդ պատճառով էլ հանվել է:
Ուսանողները, Երեւանում աշխատող մարզաբնակները տուժում են այս խնդրի պատճառով. տուն վարձելը գրեթե անհնար է, տրանսպորտն էլ դարձել է անհասանելի:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը