կարևոր
1180 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-12 19:59

Խորհրդարանի դահլիճում բացառապես ՔՊ-ականներ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկեց կրկին առանց ընդդիմադիրների: Խորհրդարանի դահլիճում բացառապես ՔՊ-ականներ են: 
Իշխանականները պատրաստ են ծափերով դիմավորել ընդդիմադիր պատգամավորներին, ասում է՝ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա ընդդիմադիրների՝ քառօրյա նիստերին չմասնակցելը անլուրջ է համարում, նրանց բացակայությունն, ասում է, խորհրդարանի աշխատանքին չի վնասում: Վստահ է, որ ընդդիմադիրները ի վերջո կգան խորհրդարան, իսկ եթե չվերադառնան՝ մանդատներից զրկելու հարցով ՔՊ-ականները կդիմեն Սահմանադրական դատարան: 
Քառօրյայի մեկնարկին որեւէ քննարկում, անդրադարձ չեղավ սահմանային իրավիճակին: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր այսօր ասել, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել: Ալեն Սիմոնյանն իրեն ուղղված այս հարցին հակադարձում է. օրինակ, սահմանային իրավիճակի մասին ի՞նչ հայտարարություն պետք է անեին: 
Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո Ազգային ժողովի նիստերը բոյկոտած «Հայաստան» եւ «Պատիվ» ունեմ խմբակցությունները տարբեր առիթներով շեշտում են՝ խորհրդարան կմտնեն բացառապես իրենց օրակարգով, քանի որ այսօրվա ԱԺ մեծամասնությունը չի սպասարկում ազգային շահերից բխող օրակարգ: Քառօրյա նիստում Արցախին վերաբերող որեւէ հարց չկար: ՔՊ-ականները այսօր խոսեցին զենք կրելու թույլտվության, դրա հետ վարվելու ճիշտ մշակույթի մասին: 
Օրակարգում ընդգրկված 45 հարցերից էր նաեւ Ստյոպա Սաֆարյանի քրոջ՝ Սեդա Սաֆարյանին եւ Հովակիմ Հովակիմյանին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու հարցը, «Սերմերի եւ տնկանյութի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» եւ այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու հարցերը: 

Մանրամասները ներկայացնում է Լիանա Սարգսյանը