8-րդ գումարման Ազգային Ժողովը պատմության մեջ ամենախայտառակն է, ու այդ պատճառով ընդդիմությունը չի վերադառնում խորհրդարան՝ փաստում է Իշխան Սաղաթելյանն ու ասում, որ ՔՊ-ին միայնակ են թողնում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ: Իրենց օրակարգն այլ է՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը:
Մերձիշխանական ուժերը սկսեցին Սաղաթելյանի հայտարարությունը համացանցում շահարկել՝ իբր ընդդիմությունը պատրաստվում է իշխանությանը թույլ տալ հանգիստ վաճառել երկիրը: Սաղաթելյանը, սակայն, այս պնդումը զավեշտալի է համարում ու խորհուրդ տալիս իր միտքը խեղաթյուրելու փոխարեն հայելու մեջ իրենց նայել ու մտածել՝ Հայաստանի ու Արցախի շահով են առաջնորդվում, թե ոչ:
Մինչ իշխանականները Ազգայի Ժողովում անվտանգային հարցերը մի կողմ դրած այլ հարցեր են քննարկում, խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի ու Արցախի օրհներգով սկսում է երկօրյա քննարկումների շարքը: Թեման՝ «անվտանգային անհանգստացնող սպառնալիքներ»-ն են:
Հայաստանի գործող իշխանությունները «այո» են ասում Ադրբեջանի բոլոր պահանջներին, Սեյրան Օհանյանն է ասում ու ընդգծում՝ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ:
Անվտանգային խնդիրներ առաջացնող լրջագույն սպառնալիքը՝ իշխանությունների առաջ քաշած կեղծ խաղաղության օրակարգն է,- «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է ասում:
Ընդդիմության քննարկմանը մասնակցում են 50 եւ ավելի հրավիրյալներ. իրենց տեսակետներն են հայտնում: Սերժ Սրապիոնյանը, որին ԵՊՀ ռեկտորը դասաժամեր էր տրամադրել իշխանություններին քիչ քննադատելու պայմանով, հրավիրյալների ցանկում է: Նա կոչ է անում անհրաժեշտության դեպքում դուրս գալ ապստամբության. Փաշինյանի օրոք երկիրը անկասելիորեն կործանման է գնում:
Այն, որ ընդդիմությունը խորհրդարանից դուրս խորհրդարանի ձեւաչափով հարթակ է ձեւավորել, չի նշանակում, որ բողոքի ակցիաներ չեն լինի: Իսկ Փաշինյանի պաշտոնանկության հետհաշվարկը կսկսվի, երբ հանրային մթնոլորտը այնքան թեժանա, որ 72 ժամում տասնյակ հազարավոր մարդկանց ջանքերով հասնեն արդյունքի:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում