Լեռնապատի երկնքում մի քանի օրով թռչուններից բացի, պտտվում են «Հաւք 2022» մրցույթի մասնակից անօդաչու թռչող սարքերը:
41 թիմ է մասնակցում. 23-ը դպրոցականներ են, 5-ը մասնագիտական եւ 13-ը սիրողական: Անօդաչուի կառավարման վահանակը Գյումրու թիմը վստահել է 12-ամյա Լյովա Մելքոնյանին: Մի քանի րոպե երկնքում պտտվելուց հետո, վայրէջքը բարդ է, հանդիսատեսը` լուռ:
Հաջող վայրէջքից հետո Լյովան վահանակը ձեռքից ցած չի դնում, անօդաչուն կառավարելուց առաջ մասնակցել է դրա ստեղծմանը. ամեն դետալ հստակ գիտի:
Միշտ չէ, որ թռիչքները հաջողվում են. վայրէջքները երբեմն չնախատեսված են:
Մրցույթի նպատակը արտակարգ իրավիճակներում անօդաչու թռչող սարքերի միջոցով լուծումներ առաջարկելն է: Դրանք կբարձրացնեն փրկարարական միջոցառումների արդյունավետությունը: Արցախի ավիամոդալավորման խմբակի սանը նշում է, սարքերը նախագծվում են` մեր երկրի աշխարահագրական դիրքն ու պայմանները հաշվի առնելով. կօգտագործվեն` ըստ անհրաժեշտության:
Մրցույթի գաղափարը` «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամինն» է: Ըստ կազմակերպիչների` խնդիրների նոր մոտեցումներով լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի եւ առաջին արձագանքողի աշխատանքը:
«Հաւք 2022»-Անօդաչու թռչող սարքերի մրցույթի մասնակիցները թռիչքներից հետո հրաժեշտ են տալիս միմյանց` հաջորդ տարի նոր սարքերով, խելացի լուծումներով ու առավել հաջող թռիչքներով հանդիպելու ակնկալիքով:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը