կարևոր
1573 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-10 18:32

Ուկրաինայի ԶՈՒ-ն Խարկովում 30 բնակավայր է ազատագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի նախագահը տեսաուղերձով հայտարարում է՝ իրենց զինված ուժերին հաջողվել է Խարկովի մարզում ավելի քան 30 բնակավայր ազատագրել: Վերջին մեկ շաբաթում, Զելենսկիի խոսքով, հարավում եւ արեւելքում ռուսական ուժերից հետ են վերցրել ավելի քան 1000 քառ. կմ տարածք: 
Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտն էլ կրկնակի մեծ տարածքի ազատագրման մասին է հայտարարում: Ամերիկացի փորձագետները ներկայացնում են, թե սեպտեմբերի 9-ի դրությամբ Ուկրաինայի բանակը հակահարձակմամբ կարողացել է Խարկովի մարզում մոտ 2 500 քառակուսի կիլոմետր տարածք վերագրավել ու հասնել Կուպյանսկ քաղաքի մերձակայքը: Իսկ Կուպյասնկը Խարկովի մարզի ռուսական վարչակազմի նստավայրն էր փետրվարից ի վեր: Մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչեւն ընդունում է, որ ուկրաինացիները ճեղքել են ռուսական պաշտպանական գիծը: Կուպյանսկից, նաեւ Իզյումի շրջանից բոլոր կանանց ու երեխաներին, Գանչեւի հորդորով, տարհանում են: 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ուկրաինական ուժերի առաջխաղացման մասին հրապարակայնորեն չեն խոսում, բայց գործում են: Գերատեսչությունը տարածել է կադրեր, թե ինչպես են «Ուրագան» համազարկային կրակի համակարգեր, հետեւակի մարտական մեքենաներ եւ մի քանի այլ զինտեխնիկա շարժվում Խարկովի ուղղությամբ: 
Ռուսաստանյան լրատվամիջոցներում էլ շրջանառվող կադրերը փաստում են՝ ուկրաինացիները դրությունը լարված են պահում նաեւ ռուսների հսկողության տակ անցած արեւելյան շրջաններում: Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հետո հրդեհվել է Դոնեցկի երկաթուղային կայարանի մոտ գտնվող շուկան, նաեւ հիվանդանոցը: 
Ինչեւէ, ռազմական գործողությունների այս 199 օրերը արդեն իսկ «թանկ են նստել» Ուկրաինայի վրա: Այդ երկրի կառավարության, Համաշխարհային բանկի ու Եվրոպական հանձնաժողովի համատեղ նոր զեկույցում ասվում է, որ պատերազմի հետեւանքները վերացնելու համար Կիեւին անհրաժեշտ կլինի գրեթե 350 մլրդ դոլար, այսինքն՝ Ուկրաինայի անցած տարվա ՀՆԱ-ից 1,5 անգամ ավելի գումար: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը