կարևոր
1180 դիտում, 4 ամիս առաջ - 2022-09-09 10:45

«Սուրմալու»-ի գործով զարգացումներ կլինեն. «Իրավունք»

«Սուրմալու»-ի գործով զարգացումներ կլինեն. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օգոստոսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի հետևանքով 16 մարդ զոհվել է: Օգոստոսի 18-ին դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, իսկ օգոստոսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ պայթյունի գործով 4 մեղադրյալներից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ առևտրի կենտրոնի փոխնտօրենի կալանավորման դատախազության միջնորդությունը մերժվել է:

Ի՞նչ ընթացքի մեջ է սույն քր.գործը: Ինչո՞ւ են պատասխանատվության կանչում միայն տնտեսվարողներին: Այն դեպքում, երբ նման հարցերում պետությունը, ի դեմս պատկան մարմինների, իր հստակ ֆունկցիաներն ունի, որոնք ակնհայտորեն կատարված չէին: 

Ի վերջո, հենց պետությունն էր պարտավոր այնպես վերահսկել, որ ՀՀ քաղաքացիները չզոհվեին, չվիրավորվեին ու գույքային կորուստներ չունենային: Սակայն բուն պայթյունի փաստն արդեն իսկ ապացուցում է, որ դա արված չէ, եւ պետք է պատասխան տվողներ լինեն: Ուրեմն` ինչո՞ւ են պատասխանատվության կանչել միայն «ներքեւիններին»` «վերեւիններին թողնելու հանգիստ:

Այս հարցերը փորձել ենք պարզել Քննչական կոմիտեից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ակտիվ նախաքննության փուլ է: Իսկ ահա մեր աղբյուրներն էլ տեղեկացրին, որ սույն գործով առաջիկա շաբաթվա մեջ լուրջ զարգացումներ են սպասվում: Տեսնենք, նաեւ, թե գործը կհասնի՞ «չգիտես ինչու» այդ օբյեկտի պայթյունավտանգ վիճակը չկանխած վերին օղակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում