Արցախի դրոշը բարձրացնում են Բելգիայի Մեխելեն քաղաքում՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը: Մեխելենի «Անի» միության հրավերով միջոցառմանը ներկա մեր հայրենակիցները ներկայացնում են Արցախի անվտանգության հարցը, ընդգծում, որ այն ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է: Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը հիշեցնում է՝ Բելգիայում գործող հայկական կառույցների ջանքով Արցախը միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Նա հիշատակում է Արցախի Հանրապետության նախագահի այցը Բելգիայի թագավորություն: Գասպար Կարապետյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է շարունակել Արցախը մեկուսացումից դուրս բերելու ջանքերը: Նա տեղեկացնում է, որ տեղի է ունենալու քննարկում, որին մասնակցելու է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Առանց Արցախի Հայաստանի գոյությունը վտանգված լինելու թեզն իրենց ելույթներում ընդգծեցին նաեւ մյուս բանախոսները: Արցախը Հայաստանի դարպասն է ու բոլոր հայտարարությունները, իբրեւ թե Արցախը Ադրբեջանի կազմում կարող է գոյատեւել ու դրանով կլինի խաղաղություն հայի համար հայկական լեռնաշխարհում, կեղծ են: Մեխելեն քաղաքի «Անի» միության «Հայ տան» հրապարակում Արցախի Հանրապետության դրոշը կծածանվի Բելգիայի թագավորության ու Հայաստանի Հանրապետության դրոշների կողքին: