կարևոր
946 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-05 21:43

Մեծ Բրիտանիան նորից կին կղեկավարի. Լիզ Թրասը թագավորության նոր վարչապետն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օքսֆորդի 19-ամյա ուսանող Էլիզաբեթ Թրասը 1994 թվականին կոչ էր արել վերացնել միապետությունը Մեծ Բրիտանիայում: Նա հիմնավորել էր, որ չի հավատում, թե մարդիկ ծնվում են կառավարելու համար: 28 տարի անց՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին արդեն 47-ամյա Լիզ Թրասը կուղեւորվի Շոտլանդիայի Բալմորալ դղյակ՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդից կառավարություն ձեւավորելու թույլտվություն ստանալու համար: 1 տարի արտգործնախարար աշխատած Լիզ Թրասը, համառ պայքարի արդյունքում, այսօր հաղթեց ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին ու ընտրվեց իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար: Մեխանիկորեն կզբաղեցնի նաեւ վարչապետի աթոռը եւ կփոխարինի Բրիտանիայի պատմության ամենաէքսցենտրիկ վարչապետին՝ Բորիս Ջոնսոնին: Թրասի հաղթական ելույթը՝ ավանդական շնորհակալական խոսքերով եւ խոստումներով: 
Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հուլիսին՝ սկանդալային միջադեպերի կենտրոնում հայտնվելու պատճառով: Օրինակ, խախտել էր իր իսկ սահմանած կարանտինի պայմանները՝ կորոավիրուսի համավարակի ժամանակ մասնակցելով խնջույքի, իր կուսակից Քրիս Փինչերին նշանակել էր մի շարք պատասխանատու պաշտոնների՝ իմանալով, որ նա տարիներ շարունակ սեռական ոտնձգություններ է կատարել գործընկեր տղամարդկանց հանդեպ: Վերջին 6 տարում Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի արդեն 4-րդ վաչապետն է: 2016-ին Դեվիդ Քեմերոնը, հետո Թերեզա Մեյը, հիմա էլ Բորիս Ջոնսոնը. բոլորը հեռացել են հրաժարականի դիմումներով՝ իրենց իրավահաջորդներին թողնելով բազմաթիվ ներքին խնդիրներ ու արտաքին մարտահրավերներ: Նոր վարչապետով Լոնդոնի վերաբերմունքը Մոսկվային դժվար թե փոխվի: Թրասը, արտգործնախարար եղած ժամանակ, բազմիցս է ցանկացել Պուտինի ձախողումը Ուկրաինայում: Բրիտանիայի «Երկաթե լեդիին»՝ նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերին նմանվել փորձող Լիզ Թրասը դեռ 2 շաբաթ առաջ էլ հայտարարել էր, որ վարչապետ դառնալու դեպքում, եթե պետք լինի, պատրաստ է միջուկային զենք կիրառել: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը