Հանուն Արցախի ու Արցախի անկախության՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքն է Երեւանի Ֆրանսիայի հրապարակում, սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրը: Իշխան Սաղաթելյանը ընդգծում է ընդդիմության համոզմամբ՝ հայ ժողովրդի համար կարեւոր երեք սկզբունքային պահանջները, որոնք կարմիր գծեր են եւ որոնցից այն կողմ Արցախը կհայաթափվի. պետք բացառվի որեւէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, բացառվի Արցախի անկլավային վիճակը, Արցախի ապա-ռազմականացումը:
Միեւնույն ժամանակ Ստեփանակերտի փողոցներն են լեփ լեցուն. Արցախը տոնում է Հանրապետության 31-ամյակը:
Ազատության հրապարակից քայլերթը ձգվում է դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ հանրահավաքն է: Երթը Արցախի ԱԺ պատգամավորներն ու Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների անդամներն են առաջնորդում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի համոզմամբ՝ բանակցային գործընթացի վերջին վայրիվերումները, իրականության հետ կապ չունեցող կեղծ խաղաղության օրակարգերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են սխալ ճանապարհով: Ասում է՝ Արցախի Խորհրդարանի ապրիլի 14-ի որոշման մեջ հստակ են այն կարմիր գծերը, որոնց հատումը որեւէ մեկի կողմից անընդունելի է:
Արցախի դրոշի ուղեկցությամբ է շարժվում երթը ու միասնության, պայքարի կոչ են հնչում. «Նիկոլ, հեռացիր», «Միացում», «Հայաստան, Արցախ, Սփյուռք»:
Արդեն Վերածննդի հրապարակում հանրահավաքը սկսվում է Արցախի թեմի առաջնորդի աղոթքով: Նախագահ Արայիկ Հարությունյանը իր նստավայրի բակից է հետեւում:
Հանրահավաքի ավարտին խոստանում են՝ Արցախը երբեք մենակ չթողնել:
Մանրամասները ներկայացնում են Անի Նահապետյանը և Լուսին Ղազարյանը