36 ստորագրություն. այսքան է անհրաժեշտ խորհրդարանական ընդդիմադիրներին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: Այս պահին ընդդիմությունը խորհրդարանում 35 պատգամավոր ունի, քանի որ 36-րդ ընդդիմադիրը՝ «Պատիվ ունեմից» Իշխան Զաքարյանը ժամանակին լքել էր իր խմբակցությունն ու որոշել ներկայանալ որպես անկախ պատգամավոր:
Այս ստորագրություններն անհրաժեշտ են դեռ միայն գործընթացի մեկնարկը տալու համար, իսկ այն ավարտին հասցնելը 54 պատգամավորի ձայն է պահանջում, այսինքն՝ 35 ընդդիմադիրից զատ՝ Փաշինյանին անվստահություն պետք է հայտնի եւս 19 պատգամավոր:
Իսկ վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա, երբ անվստահության գործընթացի ժամկետների հարցում վերջնական որոշման գան:
Ոչ շուտ, ոչ ուշ. ընդդիմությունը որոշել է գործընթացը սկսել ճիշտ ժամանակին:
Ժողովրդի աջակցությամբ երեք օրվա ընթացքում Սաղաթելյանը հավաստիացնում է՝ կկարողանան պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին: Իսկ մինչ դա՝ Դիմադրության շարժումը որոշել է հանրությանը ներկայացնել իր տեսլականն ու դրանից բխող ծրագիրը, թե ինչ Հայաստան են խոստանում Փաշինյանից հետո:
Այս նպատակով շարժումը խորհրդակցություններ է սկսում Հայաստանի քաղաքական, ինչպես Սաղաթելյանն է բնորոշում՝ առողջ ուժերի, նաեւ մտավորականների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: Բոլորով՝ կգտնեն ուժեղ Հայաստան կերտելու բանաձեւը. հավաստիացնում է շարժումը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում