կարևոր
1393 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-03 14:16

Կոնգրեսականները պահանջել են ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին

Կոնգրեսականները պահանջել են ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին

Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը  և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը միացել են Կոնգրեսի ավելի քան 45 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին՝ Արցախի` վտանգի տակ գտնվող հայ բնակչությանն աջակցելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զգալի ռեսուրսներ հատկացնելով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից՝ կոնգրեսականները նամակն ուղղել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի առիթով:

Նամակն ուղղած կոնգրեսականների թվում են Նանետ Բարագանը, Թոնի Կարդենասը, Անդրե Կարսոնը, Ջուդի Չուն, Քեթրին Քլարկը, Ջիմ Կոստան, Ջեյսոն Քրոուն և մի խումբ այլ կոնգրեսականներ:

«Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել ծանր դժվարություններին, որոնք առաջացել են 2020 թվականին ադրբեջանական ուժերի սանձազերծած 44-օրյա պատերազմի, նաև անմեղ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ագրեսիայի պատճառով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հաստատել է, որ Հայաստան տեղափոխված ավելի քան 90 000 փախստականներ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, տառապում են հումանիտար սուր ճգնաժամից»,-իրենց նամակն այսպես են սկսել կոնգրեսականները:

Ապա նրանք ընդգծել են, որր 2021 թվականի ֆինանսական տարում 5 000 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորումը, որը ստանձնել էր ԱՄՆ ՄԶԳ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ի Հայաստանի միջգերատեսչական արձագանքման ծրագրի միջոցով հատկացված օգնությունը անբավարար են եղել այդ ճգնաժամը լուծելու համար: «Բազմաթիվ ընտանիքներ խիզախորեն վերադարձել են  Արցախ՝ իրենց տները՝ չնայած ադրբեջանական զորքերի կողմից բռնության շարունակական սպառնալիքին և չնայած նրան, որ բախվում են սննդի, կացարանի խնդրին: Մենք նաև խիստ մտահոգված ենք, որ Արցախում մնացած անձինք չեն ստացել ԱՄՆ-ի նախկինում հատկացված օգնություններից որևէ մեկը»,-նշել են կոնգրեսականները:

Նրանք ընդգծել են ԱՄՆ օգնության անհրաժեշտությունը՝ հայերի համար Բերձորի միջանցքի փակման, շատ հայ ընտանիքների տարհանման, իրենց տները լքելու համատեքստում:

«Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ էապես ավելացնել ֆինանսավորումը, որն ուղղակիորեն կօգնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այդ թվում՝ բնակարանային, սննդի, ջրի, առողջապահության, ականազերծման և այլ խնդիրների լուծման հարցում: Մենք նաև հորդորում ենք ձեզ ձեռնարկել հնարավոր բոլոր գործողությունները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային վայրերը, որոնք ներկայում վտանգի տակ են՝ ըստ բամազաթիվ հաղորդագրությունների»,-շեշտել են կոնգրեսականները: 

Նրանք նաև նամակում խնդրել են թարմացնել այն կոնկրետ գործողությունները, որոնք Բայդենի վարչակազմը ձեռնարկել է Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար, նաև՝ ծրագրերի, գործընկերների, բյուջեների և արդյունքների մասին տեղեկատվությունը: Կոնգրեսականները նկատել են, որ 2021 թվականի փետրվարին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակված վերջին զեկույցը հնացած է և չի տալիս տվյալներ, որոնք անհրաժեշտ են առողջ քաղաքական որոշումներ կայացնելու համար: «Մենք խստորեն հորդորում ենք ձեզ կատարել հումանիտար ճգնաժամի թարմացած կարիքների գնահատում և որքան հնարավոր է շուտ օգնություն տրամադրել շահագրգիռ կողմերին»,-եզրափակել են կոնգրեսականները: