Այսպես՝ պատգամավորների ձեռքով քվեարկությամբ, 31 տարի առաջ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային, Շահումյանի շրջանային եւ բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ պետական ժամանակավոր մարմինների ձեւավորման մասին հռչակագիրը:
Այս հռչակագրին նախորդել էր 1988 թվականին Ղարաբաղյան շարժման մեկնարկը, որին Ադրբեջանի պատասխանը եղավ պատերազմը: Արցախյան ազատամարտը համախմբեց ողջ հայությունը: Փոթորկալից ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ Հանրապետություն հռչակելու որոշումը հեշտ չի տրվել. դեմ արտահայտվողները քիչ չէին ու ներկայացնում էին հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանական վերնախավը։ Բայց հռչակագիրն ընդունվեց։ Սեպտեմբերի 2-ը ոչ թե Արցախի անկախացման, այլ Հանրապետության հռչակման օրն է: Խորհրդային միության փլուզումից 5 պակաս ԼՂԻՄ-ի այդ ժամանակվա ղեկավարությունը, հաշվի առնելով Ադրբեջանի անկախության հռչակումն ու այն, որ Արցախյան շարժման նախնական ու գլխավոր նպատակին՝ Խորհրդային Հայաստանի հետ միավորվելու համար նպաստավոր պայմաններ չկային, գնաց Հանրապետություն հռչակելու ճանապարհով՝ արցախահայության կյանքը, ազատ ինքնորոշման իրավունքն ու ֆիզիկական գոյությունը պաշտպանելու նպատակով:
Իսկ անկախացումը հաջորդ քայլն էր. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեում ,Համաձա՞յն եք, արդյոք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձեւերն ինքնուրույն որոշող անկախ պետությունե հարցին՝ արցախցիների ճնշող մեծամասնությունը պատասխանեց՝ ,այոե: Դեկտեմբերի վերջին ժողովրդավարական առաջին ընտրություններով ձեւավորվեց ԼՂՀ Գերագույն Խորհուրդը, որն էլ 1992 թվականի հունվարի 8-ին խորհրդի նախագահ ընտրեց Արթուր Մկրտչյանին։ Մինչ այդ էլ՝ հունվարի 6-ին, հիմք ընդունելով անկախության հռչակման հանրաքվեն, հրապարակվեց Արցախի Պետական անկախության հռչակման մասին փաստաթուղթը:
Այս բոլոր գործընթացների հիմքում մի կարեւորագույն փաստ կա, որը մշտապես պետք է լինի բանակցությունների առանցքում. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հանրապետություն հռչակել, ապա անկախացել է Խորհրդային միության այդ ժամանակվա իրավական նորմերի համաձայն, այլ կերպ ասած՝ ԽՍՀՄ օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան, մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունը, անկախություն հռչակելով, հրաժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ուստի ԼՂԻՄ-ը անկախ Ադրբեջանի կազմում իրավաբանորեն երբեւէ չի եղել:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը