կարևոր
1336 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-31 18:58

Գեներալ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իր պարտականությունները չկատարելու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինվորական պաշտոնեական անփութություն ցուցաբերելու կասկածանքով Արցախից Երեւան գալու ճանապարհին ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության Բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Արզումանյանի ձերբակալման լուրը Քննչական կոմիտեն ժամեր շարունակ ոչ հերքում էր, ոչ հաստատում էր. ավելի ուշ հաղորդագրություն տարածեց, ըստ որի Միքայել Արզումանյանը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայողական պարտականությունների նկատմամբ: 
2020 թ. հոկտեմբերի 27-ին` Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո, երբ հայկական բանակն արդեն 100 կիլոմետրից ավելի նահանջել էր, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արզումանյանը նշանակվել էր Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար:  
Արզումանյանը այժմ Արցախի նախագահի խորհրդական է, սակայն նախագահն էլ, ըստ խոսնակի, ձերբակալության մասին տեղեկացված չի եղել: ՊԲ նախկին հրամանատարին բերման ենթարկելու եւ ձերբակալելու լուրից ապշած են նրա զինակիցները. պնդում են՝ Միքայել Արզումանյանն այն մարդը չէ, որ թերանար իր գործում: 
Քննչական կոմիտեի տվյալներով մեղադրանքի բուն Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում Արզումանյանը չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի՛ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի՛ ապահովել զորքերի կիրառման կայունությունը, Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի՛ հանձնարարել զորք տեղակայել: Սեյրան Օհանյանը, սակայն, նշում է, Փաշինյանը փորձում է պարտության պատճառները բարդել բանակի ու հատկապես ցածր օղակի վրա: 
44-օրյա պատերազմից հետո տարբեր շրջաններում Շուշիի հանձման համար փորձել են տարբեր մեղավորներ ու պատասխանատուներ փնտրել՝ գեներալ-լեյտենանտը, սակայն, վստահ է պատասխանատուի հարցում: 
Այն, որ Արզումանյանը հմուտ հրամանատար է, իր հետ մարտական ուղի անցած փորձառու սպաներն են փաստում ու համոզված են՝ ձերբակալությունների ու կալանավորումների շարքը շարունակվելու է: 

Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը