կարևոր
1306 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-27 10:52

Սուրմալուի պայթունի օրերին ԱԻ նախարարը, տեղակալն ու օգնականը «ռազբորկա» են արել. «Ժողովուրդ»

Սուրմալուի պայթունի օրերին ԱԻ նախարարը, տեղակալն ու օգնականը «ռազբորկա» են արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շարքային քաղաքացիներից մեկի հետ հաշիվ մաքրելով է զբաղված եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց, նախարար Արմեն Փամբուխչյանը, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը և նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ են մտել: Դա եղել է ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ են արել՝ պաշտոնական դիրքի գործադրմամբ կամ չարաշահմամբ:

«Ժողովորդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 15-ին քաղաքացիներից մեկը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարել է, թե «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարները ջրի կարիք ունեն, ու լավ կլինի տղաներին ջուր հասցնել: Քաղաքացու խոսքերը նախարարի օգնական, «հեղափոխությունը պահպանող» Հայկ Ստեփանյանին են հասել, ինչից հետո նա գնացել, գտել է ուղիղ եթեր մտած քաղաքացուն ու պատասխան պահանջել: «Սուրմալու»-ի պայթյունի օրերին նախարար Փամբուխչյանի թիկունքին թիկնապահի հայացքով ու կեցվածքով կանգնած «պահապանի» հարցուպատասխանն, ըստ երևույթին, չի բավարարել լրջագույն կառույցի ղեկավարին, ու նախարար Արմեն Փամբուխչյանն անձմաբ է օգնության հասել լրատվամիջոցի դեմ ձվերով պայքարող իր օգնականին: Փամբուխյանին էլ նրա ախալքալաքցի տեղակալը՝ Արտյուշ Գրիգորյանն է ուղեկցել:

Երկու պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են փորձել պատասխաններ ստանալ «նախարարության աշխատանքի վրա ստվեր գցող» տղամարդուց՝ ինչպես է համարձակվել ջրի հարց բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած այս տեղեկությունն ամբողջությամբ հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը եւ վստահեցրեց, որ հարցուպատասխանի ժամանակ ծեծկռտուք, քաշքշոց չի եղել: «Խոսել են, հարցը հարթվել, անցել, գնացել է»,- նշեց նա: Ի՞նչ է ստացվում. այդ օրերին, երբ բոլորիս ուշքն ու միտքը «Սուրմալու»-ի աղետաբեր պայթյունն էր ու հույսը, որ այնտեղ գուցե դեռ ողջ մարդիկ լինեն, գերատեսչության թիվ մեկ պատասխանատուն «բազարների» մեջ մտնելու սիրտ ու ժամանակ ուներ: Երիտասարդ նախարարը, ավելի լավ է, հաշիվներ մաքրելու փոխարեն, մտածի՝ ինչ անել, որ, Աստված մի արասցե, հաջորդ ֆորս մաժորի ժամանակ հարազատին փնտրող քաղաքացիներն իր ղեկավարած կառույցից դժգոհություններ չունենան:

Ի դեպ, Փամբուխչյանն այն անձանցից է, որ մինչև 2018-ի քաղաքական վերադասավորումներն ու պաշտոն ստանալը իր պարտքն էր համարում ամեն մի երևույթի մասին Facebook-ում կարծիք գրել, մեկնաբանություններ թողնել ու բանավիճել՝ իր գրառումները «դը Փամբ» գրությամբ ստորագրելով: Նա նաև այն «հեղափոխականներից» էր, որ Նիկոլ Փաշինյանի ու մյուս թիմակիցների հետ զօրուգիշեր դատափետում էր ՀՀ «հպատ ու արժանապատիվ» քաղաքացիներից վրեժխնդիր լինող սուրիկխաչատրյաններին, մանվելգրիգորյաններին ու մյուսներին: Փաստորեն, ժամանակների հետ բարքերը չեն փոխվել. պաշտոնն էր պակասում երիտթևին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում