Կենսաթոշակառուները և նպաստառուները այսօր 1900 դրամով որևէ բանի չեն կարող հասնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մինչև 100 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակները և նպաստները: «Իշխանությունները այդ 1900 դրամը կսարքեն մատի փաթաթան: Իմ գործընկերները ամիսներ առաջ են բարձրացրել այդ հարցը, օրենսդրական նախագծերով են հանդես եկել, որ մարդիկ կարողանային իրենց նվազագույն կարիքները բարելավել: Մենք առաջարկում էինք ԱԺ-ի լիագումար նիստի ժամանակ բովանդակային քննարկում կազմակերպել, որպեսզի հիմնավորեինք, թե ինչու ենք առաջարկում մինչև 100 հազար դրամ բարձրացնել կնսաթոշակները»,- ասաց նա:
Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ դեռ ամիսներ առաջ խմբակցության կողմից կենսաթոշակների և նպաստների բարձրացման հարցը օրակարգ չմտներ և չդառնար քննարկման առարկա: «ԱԺ-ի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը խոսում էր այնպես, կարծես ֆինանսների նախարար լիներ, պատճառաբանում էր, թե գումար չկա: Եթե գումար չկար, ապա պետք է այլ տեղերից գումար հանել, ուղղել մեր քաղաքացիների ֆինանսական խնդիրների լուծմանը»,-ասաց Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ անտրամաբանական համարեց Պաշտպանության նախարարության աղմկահարույց նախագիծը, որով առաջարկվում է, որ 4.5 ամիս պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլ անցնելուց հետո քաղաքացին կարող է վճարել 24 միլիոն դրամ եւ բանակից ազատվել,: «Խայտառակություն է. այս իշխանություններն ասում են՝ ով փող ունի, կազատվի բանակից, իսկ ով էլ չունի, թող ծառայի: Այսպիսով բանակը կդառնա բանվորա–գյուղացիական բանակ: Սա սոցիալական անարդարություն չէ, սա շերտավորում է: Այս իրավիճակում, երբ թշնամական օղակը սեղմում է երկիրը, այս մարդիկ փորձում են բանակը դարձնել սոցիալական բունտի աղբյուր՝ նվազեցնելով Զինված ուժերի ռեսուրսները»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը: