Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին»,-այս մասին Կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարը։ Վահան Քերոբյանի խոսքով՝ եթե «Սուրմալու»-ում աշխատող գործարարներն ապահովագրեին իրենց գույքը, ապա կստանային անհրաժեշտ փոխհատուցումը։ «Կառավարությունը չի կարող իր վրա վերցնել փոխհատուցումների վճարման բեռը, որը պետք է կրեն ապահովագրական ընկերությունները։ Եվ եթե գործարարն այդ ռիսկն էական չի համարել, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի»,- ասել է Քերոբյանը։
ArmDaily-ն Էկոնոմիկայի նախարարի հայտարարության վերաբերյալ զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։ Նրա գնահատմամբ՝ կառավարությունը կարող էր պահուստային ֆոնդից գումար տրամադրել տուժած տնտեսվարողներին, ինչը չի արել և ամբողջ բեռը թողել է նրանց վրա։ «Աջակցելու տարբերակներ կան, ուղղակի ցանկություն է պետք»,-ընդգծեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում առևտրականները ոչ միայն Սուրմալուի պայթյունից հետո, այլ նաև մնացած բոլոր արտակարգ իրավիճակներում միայնակ են՝ առանց օժանդակության։ Հայաստանում բացակայում են ապահովագրության համակարգերը,մեխանիզմները և պետական երաշխիքները։ «Պետությունը,որը ըստ էության լիազորում է,որ իքս տնտեսվարող սուբյեկտը զբաղվի առևտրով, պետք է նաև որոշակի երաշխիքներ պահանջի։ Մեր օրենսդրության մեջ, սակայն, նման երաշխիքներ չկան, ինչի հետևանքով տնտեսվարողները պարբերաբար նման իրավիճակների առաջ են կանգնում»,-նկատեց Պարսյանը։
Ըստ նրա՝ փոխհատուցե՞լ այս կամ այն տնտեսվարողին, թե՞ ոչ, դրվում է շուկան կառավարողի հայեցողության վրա։ « Տարիներ շարունակ եղել են այս բացթողումները, մասնավորապես, շուկայի սեփականատերը որոշակի զիջումներ է արել կամ փոխհատուցել է տնտեսվարողներին իր հայեցողության շրջանակներում։ Պետությունը պետք է վերանայի խնդրի լուծման տարբերակները՝ հաշվի առնելով փոքր տնտեսվարողների գործունության ռիսկերը,խոշոր տնտեսվարողների հետ համեմատ անհավասար պայմանների մեջ գտնվելը»,-մանրամասնեց տնտեսագետը։
Նրա գնահատմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է ավելի համակարգված մեխանիզմ մշակել, որը փոքր ու միջին տնտեսվարողներին կապահովագրի նման դեպքերից։ «Պետությունը ասում է՝ գնացեք դատարան, իրար հետ գործը քննեք միասնաբար և որոշեք՝ ով է մեղավոր, գումարը վերցրեք, բայց այստեղ կարծում եմ արդար չէ, քանի որ փոքր տնտեսվարողները անհավասար պայմանների մեջ են գտնվում խոշոր առևտրով զբաղվող ընկերության հետ, և նրանք չեն կարող երկար դատական գործընթացներ վարել»,-ավելացրեց Պարսյանը։
Անդրադառնալով սեպտեմբերի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու՝ գործադիրի այսօրվա որոշմանը՝ տնտեսագետն ասաց, որ կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ փորձում է լուծել երկրում առկա սոցիալական խնդիրները։ «Ակնհայտ է,որ սոցիալական խնդիրները այս տարվա ընթացքում սրվում են։ Այս 8 ամիսների ընթացքում կառավարությունը ոչ մի սոցիալական ծրագիր չի իրականացրել, որը կմեղմեր գնաճի հետևանքները։ Սա, ըստ էության առաջին քայլն է,որը փորձում է հանրությանը ներկայացնել որպես մեծ ձեռքբերում, ինչն այդպես չէ»-ամփոփեց Սուրեն Պարսյանը։