կարևոր
1438 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-24 20:16

Այս տարվա առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից: «Լույս» հիմնադրամն է ուսումնասիրել պետբյուջեի կատարման հաշվետվությունը: Իսկ հիմնական պատճառն, ըստ վերլուծության, բյուջեի ծախսերի թերակատարումն է: Դրան զուգահեռ, օրինակ, կապիտալ ծախսերի համար նախատեսված գումարը՝՝ 68.8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Ստացվում է՝ ծախսերի իրականացման կարողությունը մնացել է նույն մակարդակում, պարզապես ներկայացվել է անիրատեսական ցուցանիշներ: Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ դեռեւս 2018 թվականից է ավանդաբար կապիտալ ծախսերի թերակատարմամբ աչքի ընկել այս իշխանությունը:

Տնտեսական ակտիվության աճն այս տարի ակնհայտ է, այն պայմանավորված է, ոչ թե կառավարության կողմից մշակված ծրագրերով, այլ, ըստ տնտեսագետների, արտաքին գործոններով: Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով դրական ազդեցություն է ստեղծում կապիտալի եւ մարդկային ռեսուրսի ներհոսքը, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների վերաարտահանմումը:

Այս ամենն ունի ասիմետրիկ ազդեցություն. այսինքն՝ որոշ ոլորտներում խիստ դրական զարգացումներ են արձանագրվում, իսկ մյուսներում՝ հակառակը: Դրամի արժեւորմամբ պայմանավորված՝ այթի ոլորտը, շինարարությունը եւ արտահանողները տուժում են:

Տնտեսագետ-պատգանավորը շեշտում է՝ առկա են նաեւ բացասական ազդեցություններ, դրամի կտրուկ արժեւորման եւ գնաճի տեմպի արագացման տեսքով, որոնք կարող են հանգեցնել իրական տնտեսական խնդիրների:

Հետազոտության արդյուքները փաստում են՝ դրական գործոնները կարող են խիստ ժամանակավոր լինել, եւ, կապիտալի ներհոսքի դադարեցման պայմաններում, հանգեցնել տնտեսական անկման: Հետեւաբար, անհրաժեշտ է իրականացնել խելամիտ պետական տնտեսական քաղաքականություն:

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը։