Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 12-րդ Գերագույն խորհուրդը` 260 պատգամավորով, 1990 թվականին ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին որոշեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը կոչել Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է , որում ամրագրված սկզբունքների եւ նպատակների վրա է խարսխվել Սահմանադրությունը: Անկախ պետականության հաստատման գործընթացը նոր Հայաստանը սկսել է որպես ժողովրդի միասնական կամքի արտահայտություն` կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Խորհրդային սոցիալիստական Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին համատեղ որոշման վրա: Հենց այս դրույթի համատեքստում է Անկախության հռչակագիրը հիշատակվում անցնող տարիների ընթացքում՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Ընդդիմադիրներն ու վերլուծաբանները հղում են անում Հանրապետության հիմադիր փաստաթղթին՝ Հայաստանի իշխանություններին հիշեցնելով, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը, կարգավիճակի միջազգային ճանաչումը Հայաստանի անկախության հռչակագրի պատգամն է ու դրանից շեղվող իշխանությունը չի կարող մնալ իշխանության:
Ըստ հիմադիր փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Իր նախապայմաններից չհրաժարվող Թուրքիայի հետ հաշտեցման ու խաղաղության դարաշրջանի ուղին բռնած Հայաստանի գործող իշխանություններին ուղղված քննադատություններում այս դրույթն է հիշատակվում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը սահմանված է Հայաստանի անկախության հռչակագրում, մինչդեռ հիշեցնեմ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ դատը Սփյուռքի գործն է համարել:
Ի դեպ՝ սփյուռքահայության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, նույնպես ամրագրված է հռչակագրում: Հիմա Հայաստանի իշխանություններին մեղադրում են նաեւ Սփյուռքի ներկայացուցիչներին հալածելու փորձերի համար, երբ նրանցից ակտիվները վերջին շրջանում չկարողացան հայրենիք մտնել, իսկ ԱԱԾ-ն հանրային քննարկման էր ներկայացրել նախագիծ, որով սփյուռքահայերի համար բարդանում էր քաղաքացիություն ստանալը:
Իսկ երկրի վարչապետն իր ֆեսբուքյան շնորհավորական գրառման մեջ անկախություն է համարել հարեւանների հետ կարգավորված հարաբերությունները:
Փաշինյանի այս համեմատությունն էլ շատ քննադատվեց այն իմաստով, որ փաստորեն անկախ չեն պետությունները, որոնք հարեւանների հետ խնդիրներ ունեն, նույնիսկ դրանցից հզորագույնները:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը։