կարևոր
964 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 21:42

Էրդողանին չհաջողվեց դիվանագիտական բեկում մտցնել ռուս-ուկրաինական պատերազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջնորդի դեր ստանձնած Ռեջեփ Էրդողանին չհաջողվեց դիվանագիտական բեկում մտցնել ռուս-ուկրաինական պատերազմում: Պուտին-Զելենսկի տետ ա տետ հանդիպում կազմակերպելու Էրդողանի նախաձեռնությունը փակուղի մտավ բանակցություններից հետո՝ տեսախցիկների առջեւ, Վլադիմիր Զելենսկիի հնչեցրած մեկ գլխավոր պայմանի պատճառով. Կիեւը Մոսկվայի հետ կբանակցի՝ Ուկրաինայի տարածքից ռուսական զորքի ամբողջական դուրսբերումից հետո միայն, այն, ինչին Ռուսաստանը չի գնա:

Լվովում Էրդողան-Զելենսկի-Գուտերեշ եռակողմ հանդիպումը փակ դռների հետեւում տեւել է 40 րոպե: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ քննարկել են Զապորոժիեում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի ճակատագիրը: Օրեր շարունակ Ուկրաինան եւ Ռուսաստանը միմյանց մեղադրում են ատոմակայանին հարվածներ հասցնելու համար: Ատոմակայանը ռուսական ուժերի հսկողության տակ է:

Մոսկվայից անմիջապես Գուտերեշի առաջարկը մերժել են. ասում են՝ հնարավոր աղետներից ատոմակայանը պաշտպանում են միայն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, ռուս զինվորները: Ուկրաինայում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները պահպանելու ձգտումով  Էրդողանը Լվովում եւս մեկ անգամ հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Էրդողանը հայտնել է, որ Լվովում բարձրացված հարցերը մտադիր է քննարկել Վլադիմիր Պուտինի հետ: Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը ընդամենը 2 շաբաթ առաջ Սոչիում էր  կայացել:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը։