կարևոր
1450 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 14:56

Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել, վերցնելու են այնքան, որքան կարող են․ Քրիստինե Վարդանյան

Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել, վերցնելու են այնքան, որքան կարող են․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել։ Վերցնելու են այնքան, որքան կարող են։ Բերձորից, Աղավնոյից, Սուսից հետո լինելու է Սյունիքը, Տավուշը, Արարատի մարզը, մինչև մեր տներն ու գերեզմանները։ Հետևաբար այս ամենը բոլորիս անձնական հարցն է, որովհետև եղածը և դեռ կատարվելիքը անվերադարձ փոխելու է մեր բոլորի անձնական կյանքը, ազդելու է բոլորիս որոշումների, ապագայի ծրագրերի վրա՝ անկախ այն հանգամանքից «‎զբաղվում ենք մենք քաղաքականությամբ, թե՝ ոչ»։

Ի՞նչ անել՝ չհամակերպվել և ընդվզել, որովհետև հնարավոր է փոխել իրավիճակը։ Այս համատեքստում պետք է մերժել հուսահատության մղող ցանկացած խոսույթ և միտք։

Օրինակ՝ օգոստոսի 23-ին, ժամը 17։00-ին Էդգար Ղազարյանն առաջարկում է հավաքվել Կառավարության շենքի մոտ և հենց այդ օրը լուծել հարցը։ Տարբերակ է՞, գուցե։ Ինչպե՞ս իմանալ, մասնակցելով և համոզվելով։

Իսկ ի՞նչ, եթե չստացվի։ Նորից փորձել, այնքան՝ մինչև ստացվի, որովհետև իրականությունը մեզ այլընտրանք չի էլ թողնում։

Պայքարին դեռևս չմիցած մեր հայերնակիցներին․

Սիրելի հայեր, վաղուց ժամանակն է, բայց հիմա արդեն հրամայական է մեր անձնական նախասիրությունները մի կողմ թողնելը։ Հայաստանում չկան ուժեր և անհատներ, ովքեր կարող են այս գործն առանց ձեզ գլուխ բերել։ Եթե լինեին, գործն արդեն արված կլիներ։ Մյուս կողմից էլ, բացի եղած ուժերից, ձեզ որևէ մեկը պայքարի ճանապարհ, հետևաբար փրկության հույս չի առաջարկում։

Հետևաբար՝ աղետը միասին հաղթահարելը դառնում է բոլորիս ճակատագիրը։

Պայքարին մասնակցած մեր հայրենակիցներին

Թերևս այս շրջափուլի ամենաշատ տուժած մարդիկ հենց դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ։ Դուք, որ մշտապես, անկախ ամեն ինչից, եղել եք պայքարի կիզակետում, արել եք ձեզնից կախված ամեն ինչ, կրել եք բռնապետի վերածվածի ապօրինի հրամանների ողջ ծանրությունը և հիմա չեք հասկանում՝ ի՞նչ կարող եք անել ավելի և ինչպես կարող եք լուծել խնդիրը։ Այստեղ ամենաշատն ենք հանդիպում հուսահատության, զայրույթի, անզորության զգացողությանը։

Կարծում եմ, հենց այս շրջանակում է կարևոր գիտակցելը, որ թեև մեզ դեռևս չի հաջողվել հասնել մեր նպատակին, բայց բավական դժվար ճանապարհ այդ ուղղությամբ անցել ենք։ Մեր առաջադրանքը հեշտերից չէ, ինչպիսին չի եղել մեր նախորդ սերունդներից որևէ մեկինը, ինչպիսին չի եղել անգամ հիմա Հայաստանի իշխանությունները զավթածների ճանապարհը։ Բավական է միայն նայել քանի փորձ է նրանց կողմից եղել՝ հասնելու այնտեղ, որտեղ հիմա են։

Ուրեմն հուսալքությանը ոչ ասելը և անկախ ամեն ինչից՝ թեկուզ մութ ու նեղ ճանապարհով քայլել շարունակելն ու այդ ճանապարհին մեր ուղին հեշտացնող ցանկացած հնարավորություն օգտագործելը մնում է մեր միակ ելքը։

Հուսահատությունը, միմյանց նկատմամբ անվստահությունն ու պառակտումը թշնամական օրակարգ է, որը սպասարկելու շռայլություն մենք չենք կարող մեզ թույլ տալ»։