կարևոր
1546 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-17 21:35

Երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ 845 խոստացված ավտոբուսներից դեռ 100-ն է ներկրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրաքաղաքում անհնար է երթուղայինից օգտվել առանց փորձությունների: Հայկ Մարությանի խոստումները կիսատ մնացին:

Ամեն ինչում նախկիններին մեղադրող իշխանությունը  դեռ 2018 թվականին խոստանում էր. վերջ են տալու գազելներին՝ դրանց անվանելով «մահվան գազելներ»: Հանրությանը հույս էին տալիս, թե առաջիկայում տրանսպորտային ցանցում միայն ավտոբուսներ կլինեն: Հայկ Մարությանը հարցազրույցներից մեկում նշեց՝ գազելները հանվելու են միանգամից, ոչ թե աստիճանաբար՝ լինելու են ավտոբուսների միասնական տոմսեր:

Տարիներն անցան՝ գազելները մնացին: Երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ  845 խոստացված ավտոբուսներից դեռ 100-ն է ներկրվել: Մարդիկ մի քանի երթուղային բաց թողնելուց հետո են միայն մի կերպ ներս մտնում: Իսկ խոստումներին այլեւս չեն հավատում:

Կենտրոնական փողոցներից մեկը՝ Չարենցը, ընդամենը երկու տրանսպորտային միջոց է սպասարկում, այն էլ երկար ընդմիջումներով: Մարդիկ, ում աշխատատեղը  հենց այս փողոցում է, դժգոհում են՝ շատ դեպքերում 13 համարի ավտոբուսը հրաժարվում է անցնել Չարենցով՝ իրենց թողնելով կես ճամփին: Տաքսիների օգտվել դժվարանում են. սակագներն են բարձր:

Գործող իշխանությունները մի որոշում էին ընդունել՝ 2022թ-ի հունիսի 1-ից արգելել Երեւանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը: 2021թ-ի նոյեմբերին  կառավարությունը փոխեց որոշումը` ժամկետը հետաձգելով  3 տարով` մինչեւ 2025թ-ը:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։