17 համայնքներում սեպտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակվակված. առաջադրման փաստաթղթերի ընդունմանը մի քանի օր է մնացել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե բոլոր տեղերում թեկնածու առաջադրել է: ՏԻՄ նախորդ ընտրություններից հետո մի քանի համայնքներ առանց ղեկավար մնացին, քանի որ հաղթած ընդդիմադիր համայնքապետերը կալանավորվեցին: Չնայած սպառնալիքներին՝ ընդդիմադիր թեկնածուները նորից պատրաստվում են կալանավայրերից առաջադրվել: Քաջարանի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որը 50 միլիոն գրավի դիմաց մայիսին ազատ էր արձակվել, ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով:
Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրից» մասնակցելու է Երեւանաբնակ Արմեն Առաքելյանը: Փարամազյանը վստահ է, ժողովուրդը գիտակցված է գնալու ընտրության․ թեկնածուներին լավ է ճանաչում:
Սեպտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաեւ Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանը մոտ մեկ տարի ձերբակալված է: Մեզ հետ զրույցում կալանավորված համայնքապետի շտաբից հայտնեցին նորությունը. որոշումն ընդունել են, փաստաթղթերն են հավաքում. Հարություն Մանուչարյանը նորից առաջադրվելու է. նա գլխավորելու է նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքի ցուցակը, որը հանդես կգա «Զորավոր համայնք» անունով:
Վանաձորում էլ հաղթած ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, եւ մինչ այսօր անազատության մեջ է: ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրեց, որ չնայած հետապնդումներին Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշում ունի՝ առաջադրվելու է Ալավերդի եւ հարակից համայնքներում:
Գորիսի քաղաաքապետ Առուշ Առուշանյանի դեպքը պարզ օրինակ էր, որ կալանավայրում, թե ազատության մեջ, ժողովուրդը իր քվեն տալիս է նախընտրած թեկնածուին: Նախորդ ՏԻՄ ընտրություններից հետո, ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, իշխանությունները հասան նրան, որ օրենքով արգելվեց նախընտրական դաշինքներին հանդես գալ անհատների անուններով, ինչպես անցած տարի Առուշ Առուշանյան, Մամիկոն Ասլանյան դաշինքներն էին: Բացի այս, առանցքային մեկ փոփոխություն էլ արվեց. եթե ընտրությունների արդյունքը հրապարակելուց հետո 20 օրում ավագանու առաջին նիստ չի գումարվում, վարչապետը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար: Սա, ըստ մասնագետների, իշխանությունների կողմից համայնքները գրավելու եւս մեկ հնարավորություն է:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։