Վաղ առավոտից քաղաքացիները ծաղիկներ, խաղալիքներ, մոմեր են բերում: Մինչ այս պահը հստակ չէ՝ ինչն է ողբերգական պայթյունի պատճառը: Քաղաքացին ասում է՝ երկիրը վխտում է օտարերկրացիներով, երկիրը խառնվել է, տեր չկա:
Զոհվածների հարազատները բողոքում էին, որ աշխատանքները լավ չեն կազմակերպվել, եթե համակարգված լիներ, գուցե մահերի թիվը հնարավոր լիներ կրճատել:
Պետական պաշտոնյաները այլ կարծիքի են: Արտակարգ իրավիճակների փոխնախարարը հերքում է, որ քաղաքացիները դույլերով են մասնակցել կրակը մարելու աշխատանքներին: Ասում է՝ մարդկային ռեսուրսի եւ տեխնիկայի խնդիր չի եղել:
Պետական տարբեր գերատեսչություններում, հանրային վայրերում պայթյունի վտանգի մասին կեղծ լուրերը իրար հերթ չեն տալիս, ահազանգողներին ուժայինները բռնել չեն կարողանում: Քաղաքացին զարմանում է՝ Ֆեյսբուքում իշխանավորներին հայհոյողներին մոլորակի որ կետում էլ լինի՝ գտնում են, մտքներին տեղ լինի:
Ողբերգության վայր եկած՝ նախկին փոխվարչապետն ասում է՝ իրավապահները քննում են պայթյունի բոլոր վարկածները:
Արտակարգ իրավիճակների նախարարի խոսքով՝ «Սուրմալու»-ի տարածքում մինչեւ 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել: Տեսչական մարմինը վերջին անգամ մեկուկես տարի առաջ էր տարածքում եղել, հայտնաբերել էր անվտանգության կանոնների երկու տասնյակից ավելի խախտումներ: Դրանց վերացման հետքով հետո չէր գնացել: Պայթյունից օրեր անց որեւէ մեղադրյալ կամ ձերբակալված չկա, առեւտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել: Քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են մոտ երկու տասնյակ անձինք՝ այդ թվում տուժողներ, առեւտրի կենտրոնի տաղավարների սեփականատերեր:
Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։